Տոկիոյում մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են Գուրգեն Հակոբյանի աշխատանքները
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացված մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM Exhibition) ի թիվս բազմաթիվ երկրների մասնակցում է նաև Հայաստանը՝ ներկայացնելով մեդալագործ Գուրգեն Հակոբյանի աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը: Գուրգեն Հակոբյանը նշեց, որ ներկայացրել է 4 աշխատանք, որոնք վերջին երկու տարվա գործեր են:
«Կոնկրետ թեմատիկա չկար, ազատ են ստեղծագործողները: Իմ ներկայացրած աշխատանքները բրոնզից են ու դասական՝ նորարար շեշտադրումներով սինթեզված: Տարբեր երկրներ մի քանի արվեստագետներով են մասնակցում»,-ասաց Գուրգեն Հակոբյանը՝ նկատելով, որ մեր երկրում մեդալագործության արվեստն այդքան տարածում չունի:
FIDEM-ը միջազգային մեդալագործական ֆեդերացիա է, որը երկու տարին մեկ տարբեր երկրներում կազմակերպում է կոնգրես և ցուցահանդես: Գուրգեն Հակոբյանը FIDEM-ի անդամ է ու ներկայացուցիչն է Հայաստանում:
Գուրգեն Հակոբյանն ունի մեդալագործական արվեստում ստեղծագործություններ՝ նվիրված հայ կոմպոզիտորներին՝ Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան և այլք:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 16-ը:
Կարծիքներ