Հայաստան գալու պատճառներից մեկը գիտության ոլորտում զարգացումներին ծանոթանալն է. Արտեմ Պատապուտյան
Նոբելյան մրցանակի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Պատապուտյանն այցելեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ գիտնականը տնկեց այն բույսի հատիկը, որից ստացել է հայտնի մոլեկուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար:
Տեղի ունեցավ նաև գիտխորհրդի նիստ, որտեղ Արտեմ Պատապուտյանն ընտրվեց բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր:
«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում շրջայցից հետո հայկական ծագմամբ միակ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը ԵՊԲՀ կարմիր դահլիճում հանդես եկավ " How do you feel? The molecules that sense touch" թեմայով դասախոսությամբ:
«Հայաստանում գտնվելու պատճառներից մեկն այն է, որ նաև ծանոթանամ Հայաստանի գիտության ոլորտում զարգացումներին, ակնկալում եմ նոր համագործակցության հիմք դնել: Կառավարությունը փորձում է ավելացնել ֆինանսավորումն՝ ուղղված գիտությանը, հետազոտությանը, ինչը ոլորտի զարգացման համար առաջին կարևոր քայլերից է: Ես հույս ունեմ, որ երիտասարդ ուսանողները, տեսնելով իմ օրինակը, կձգտեն ավելի լավ արդյունքների»,- ասաց Արտեմ Պատապուտյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ Արտեմ Պատապուտյանի հետ իրենց համագործակցությունը սկսվել է դեռևս 2016 թվականից, երբ նա բժշկական համալսարանում իրականացրել է «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշում» թեմայով առաջին դասախոսությունը:
«Արտեմ Պատապուտյանի կողմից բացահայտվել է իոնային անցուղիների մի նոր ընտանիք` Piezo անցուղիները, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգռումից: Եվ այսօր նա ԵՊԲՀ-ում տնկեց այն բույսի հատիկը, որից ստացել է հայտնի մոլեկուլը, և մենք կսպասենք այդ գիտության ծառի պտուղներին»,- եզրափակեց Արմեն Մուրադյանը:
Կարծիքներ