ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության փորձագետների այցը Չեխիայի Հանրապետություն
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հինգ ներկայացուցիչ հոկտեմբերի 10-17-ը Չեխիայի Հանրապետությունում կազմակերպվող ճանաչողական այցի շրջանակներում այցելել են բնության հատուկ պահպանվող մի քանի տարածք։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Այցի նպատակը Չեխիայի Հանրապետության՝ բնության պահպանության ոլորտում ընդունված մոտեցումներին, ինչպես նաև ԵՄ հրահանգներին ծանոթանալն էր։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի փորձագետներն այցելել են «Չեխական Շվեյցարիա» ազգային պարկ, ինչպես նաև երեք պահպանվող լանդշաֆտային տարածք՝ «Իզերյան լեռներ», «Չեսկե ստրեդոհորի» և «Չեխական դրախտ»։ Դրանից բացի՝ կազմակերպվել են տեղեկատվական հանդիպումներ ՉՀ-ի Շրջակա միջավայրի նախարարությունում և ՉՀ-ի Բնության պահպանություն գործակալությունում։
«Մենք պատրաստակամ ենք բնության պահպանության ոլորտում մեր ունեցած գիտելիքներով և փորձառությամբ մեր հայ գործընկերների հետ կիսվելու հարցում։ Այս ոլորտում ամենամեծ մարտահրավերներից մեկը օրենսդրության կիրարկումն ու հետևաբար՝ ինստիտուցիոնալ և մասնագիտական զարգացումն է։ Կարծում եմ՝ այս ճանաչողական այցը Հայաստանի հետ մեր երկարաժամկետ համագործակցության կարևորագույն անկյունաքարերից է, ինչին կհաջորդի մասնագետների, գիտելիքի, գաղափարների փոխանակման ակտիվ գործընթաց»,- նշել է ՉՀ-ի Բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելցը։
Ճանաչողական այցի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաները ներառել են զբոսաշրջության ոլորտի կառավարումը, անտառների վերականգնումը, ինչպես նաև օրենսդրության գործնական կիրառումը։ Բացի այդ՝ փորձագետներին ներկայացվել են գետերում ձկների վտառների միգրացիան ապահովող տեխնոլոգիաներ և միջոցառումներ, քանի որ վերջինս Հայաստանում դասվում է հրատապ խնդիրների շարքին։
«Ինձ համար բնության պահպանության գործում չեխական մոտեցման մեջ ամենաոգևորիչ երևույթը վերջիններիս կողմից կատարվող մանրակրկիտ մոնիթորինգային ու քարտեզագրման աշխատանքներն էին, որը կարելի է կիրառել նաև ՀՀ-ում։ Ինձ ամենաշատը զարմացրեց մարդկանց հոգատար վերաբերմունքը բնության հանդեպ, վերջիններիս և ՊՏ աշխատակիցների խնամքը և մոտեցումն առ բնություն, ինչպես նաև համայնքների ներգրավվածությունը բնության պահպանության գործում», - ընդգծել է ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը։
Մեկշաբաթյա ճանաչողական այցը կազմակերպվել է «Կենսաբազմազանության պահպանության հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն
իրականացվում է չեխ-ֆիննական կոնսորցիումի կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում կենսաբազմազանության պահպանության ոլորտում գործող օրենսդրության կատարելագործումն է։
«Թվինինգ ծրագիրը» Եվրոպական միության արդյունավետ գործիքներից է, որի միջոցով աջակցություն է տրամադրվում պետական մարմինների միջև համագործակցության ապահովմանը։
Կարծիքներ