Հայաստանը Հունաստանից հումանիտար օգնություն կստանա
Հունաստանի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո Հայաստանը դեկտեմբերի 12-ին Հունաստանից հումանիտար օգնություն կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Greekcitytimes»-ը: Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, օգնությունը կհասցնի Հայաստան: Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը, Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ օգնություն են հավաքել ղարաբաղյան պատերազմից տուժածների համար:
Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ տրամադրվել է ինքնաթիռ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ: Օգնությունը հավաքագրելու գործում իրենց ներդրումն են ունեցել տեղի հայերն ու հույները: Աշխատանքները համակարգում է Միջազգային զարգացման համագործակցության ծառայության ղեկավարը, որն էլ օգնությունը կհասցնի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Հայ օգնության միության մասնաճյուղի ներկայացուցիչներին:
Կարծիքներ