Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. Փաշինյան
Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, եւ ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. «Ակնհայտ է նաեւ, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է հակահամաճարակային միջոցառումների հետ, որի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում: Եթե մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակին եւ թվերի լրջագույն ավելացում ունենալ: Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:
Կարծիքներ