Լիբիայի վարչապետ Ֆաիզ Սարաջը հրաժարական կտա |hetq.am|
hetq.am: Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջը հրաժարական կտա։ Այդ մասին, տեսաուղերձի միջոցով, սեպտեմբերի 16-ին հայտարարել է Սարաջը։ Նրա խոսքերով՝ այս ժամանակահատվածում պետք է ձևավորվի նախագահական նոր խորհուրդը և երկրի կառավարությունը, իսկ դրանում որոշիչ դերակատարություն կունենա Միջլիբիական երկխոսության հանձնաժողովը։
Սարաջի հրաժարականը հայտարարվել է Տրիպոլիում զանգվածային ցույցերի ֆոնին։ Ցուցարարները դժգոհում են երկրի տնտեսական քաղաքականությունից, կոռուպցիայից, ինչպես նաև հոսանքի և ջրի անջատումներից։
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը ձևավորվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի միջնորդության շրջանակներում։ Նստավայրը Տրիպոլիում է, սակայն այն չի կառավարում երկրի ողջ տարածքը։ Երկրի արևելյան շրջանները գտնվում են գեներալ Խալիֆա Հաֆթարի վերահսկողության ներքո, որը գլխավորում է, այսպես կոչված, «Լիբիայի ազգային բանակը»։
Լիբիայում երկիշխանությունը փաստացի հաստատվել է Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո։ Խալիֆա Հաֆթարին աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը, իսկ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը՝ Թուրքիան։
Կարծիքներ