Շուրջ 1 տոննա թմրամիջոցի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։
Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։
Կարծիքներ