Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը:

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ որոշման նախագծով առաջարկվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով և աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով, պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ։ Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500000 դրամի չափով:

Միջոցառումը կիրականացվի Զբաղվածության կարգավորման 2021թ. պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում: Այն վերաբերելու է ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, այնպես էլ ընդհանուր առմամբ երբևէ ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած բոլոր նախկին զինծառայողներին: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներգրավմամբ ծրագիրը ներկայացվելու է շահառուներին:
Նիստի ընթացքում, Վարչապետը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է հետևյալը.

«Կարծում եմ՝ շատ կարևոր ծրագիր է, և այսպիսի գաղափարներ նախկինում էլ մենք քննարկել ենք այլ ոլորտներում: Կարծում եմ՝ այս ծրագրի փորձառությունը կլուծի նախկինում մեր ունեցած մի շարք բանավեճեր, և մենք հետևություն կարող ենք անել, թե այս գործիքը որքանով է նպաստում աշխատաշուկայի աշխուժացմանը: Այս պահին անում ենք հետևյալը. եթե հաշմանդամություն ունեցող անձին գործատուն ընդունում է աշխատանքի, և կա հարմարեցումների խնդիր, պետությունը 500 հազար դրամի չափով աջակցում է գործատուին՝ թեքահարթակ և այլ, ամենատարբեր հարմարեցումների համար որպես աջակցություն: Մեր կանխավարկածն այն չէ, որ դա 500 հազար դրամ է արժենալու՝ դա կարող է արժենալ ավելի շատ կամ ավելի քիչ: Պարզապես պետությունը, կառավարությունն այս չափով իր մասնակցությունն է ցուցաբերում և եռամսյակի կտրվածքով 100 հազար դրամ եկամտային հարկից նվազեցվում է: Այսինքն՝ տարվա կտրվածքով դա արդեն կլինի 400 հազար դրամի չափ»:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ԱՍՀ նախարարին միջոցառման մեկնարկից որոշ ժամանակ անց ներկայացնել արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետությունը գնահատելու և այլ ոլորտներում ևս նմանատիպ գործիքների կիրառման նպատակահարմարությունը քննարկելու համար:
Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով գործադիրն առաջարկում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

 Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը փոխելն է և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն և ավելի ընդգծված սոցիալական նշանակություն հաղորդելն է:

Նախարարն ամփոփ տեղեկանք է ներկայացրել ծրագրի արդյունքների վերաբերյալ. արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի ժամկետում, կարգավորումը սկզբնապես ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ, առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով:

2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն. սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով: Արտոնության կիրառության ընթացքում և հատկապես վերջին 2 տարում կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200: Կտրուկ աճել են պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարները. եթե 2016-2017թթ. պետբյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019թ. աճը կազմել է 3.3 մլրդ դրամ, իսկ 2020թ.՝ 5.4 մլրդ դրամ՝ միայն 2020թ. հատկացումների մասով հանրագումարով հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայում ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17000-ը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, շահառուների քանակը՝ 20000: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում. առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում և միայն վերջին տարիների ընթացքում է նկատվում կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում: Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. առ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտային հարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7  տոկոս է, մնացած 93 տոկոսը գտնվել է Երևանում:

 Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի ներուժը՝ փոփոխությամբ առաջարկվում է դրան տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը և կընդգծի դրա սոցիալական բնույթը: Այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ: Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները: Միաժամանակ, հաշվի առնելով ներկայում կառուցապատման մեջ գտնվող ծրագրերի համար պայմանները չվատթարացնելու կարևորությունը, ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով՝ առաջարկվում է սահմանել, որ ներկայում սահմանված արտոնությունները շարունակեն կիրառվել նաև այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարական թույլտվությունները ստացված կլինեն մինչև 2022թ. հունվարի 1-ը: Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։

Վարչապետ  Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել է.
«Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք բազմաթիվ բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում՝ անկախությունից ի վեր, ոչ մի բնակելի շենք չի կառուցվել: Երբ այս ծրագիրը ներդրվել է, հասկանալի է՝ տնտեսական հետաքրքրությունն այնպիսին է, որ հիմնականում Երևան քաղաքում է շինարարությունը տեղի ունեցել և Երևանի առավել կենտրոնական մասերում: Հիշեցնեմ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը գործում է առաջնային շուկայի դեպքում, այսինքն՝ միայն նորակառույց շենքերի դեպքում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարզերում ապրող, աշխատող մարդիկ, հնարավորությունը չկորցնելու համար, բնակարան են ձեռք բերում Երևան քաղաքում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում, և սա փաստ է:
Հիմա մենք այս որոշմամբ ի՞նչ ենք անում. որոշակի կանխատեսելի ժամկետներում արտոնությունը սկսում ենք վերացնել՝ սկսած Երևանի կենտրոնից, և այսպես ուղղորդել դեպի, այսպես ասած, կառավարության շենքից հնարավորինս հեռու գոտիների վրա, որպեսզի կարողանանք խթանել նաև մարզերում շինարարությունը: Իհարկե, այստեղ կան հարցեր, որոնք դեռ անորոշ են, մասնավորապես, կապված շինարարության ինքնարժեքի և ներդրման շուկայական գրավչության հետ: Բայց այս քաղաքական որոշումը պետք է կայացնենք և հետագայում աշխատենք նաև ներդրողների, պոտենցիալ շինարարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գներ են գործում, և որքանով են այդ գները մրցունակ: Բայց մեր խնդիրն է, և նաև պետք է հնարավորինս աջակցենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային շինարարություն տեղի ունենա:
Ընդհանրապես պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում բնակֆոնդն էականորեն մաշված է Երևանում, նաև մարզերում, որովհետև շենքերի հիմնական մասը կառուցվել է 70-80-ական, նույնիսկ ավելի առաջ, այսինքն՝ 50-ական թվականներին: Ընդհանուր առմամբ, մեր ողջ բնակարանային ֆոնդը թարմացնելու անհրաժեշտություն ունենք: Սա խնդիր է, որի համար նույնպես ռազմավարական լուծումներ պետք է գտնենք, բայց այս պահին դեռ խոսում ենք մի փոքր այլ թեմայի մասին՝ խթանենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային  շինարարությունը իրականություն դառնա: Այստեղ միայն այս որոշմամբ չէ, պետք է շարունակենք ուղեկցել մեր որոշումները: Սա վերաբերում է մյուս մեր բոլոր կայացրած որոշումներին ևս՝ ժամանակ առ ժամանակ պետք է վերադառնանք և տեսնենք՝ այս կամ այն որոշումը կայացրեցինք, հետո ի՞նչ արդյունքներ բերեց: Լավ նպատակներ ունեցող որոշումները ինչպե՞ս պետք է լավարկենք, որ այդ նպատակներին հասնենք՝ ավելի թիրախային կամ ավելի մեծ ծավալներով»:
Ֆինանսների նախարարը նաև պարզաբանել է, որ շինարարական թույլտվությունների համար արտոնյալ ժամկետ է սահմանվում 2022թ. հունվարի 1-ը, և որպեսզի այն երկարաժամկետ ձգձգվող գործընթաց չդառնա, Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ կաշխատեն՝ այս կիրառության առումով խելամիտ սահմանափակումներ մշակելու շուրջ, որոնք կնպաստեն տրված թույլտվությունների շրջանակում շինարարության արագ իրականացմանը:
Վարչապետը ևս անդրադարձել է այս խնդրին՝ ասելով. «Խոսքը հետևյալի մասին է. նախատեսվում է, որ այն արտոնությունները, որոնք հիմա դուրս են գալիս, շարունակում են գործել մինչև 2022թ. հունվարի 1-ը ստացած շինթույլտվությունների համար, բայց կան հետագայում շինթույլտվությունները երկարացնելու, նորացնելու, թարմացնելու մեխանիզմներ: Մինչև 2022թ. հունվարի 1-ը տրված շինթույլտվությունն օգտվում է վերացող արտոնությունից, բայց պետք է վերջնաժամկետ սահմանենք, որպեսզի այդ ժամկետն առաձգական չլինի, շինարարությունը կոնկրետ ժամկետներում տեղի ունենա, և ներդրումը կոնկրետ ժամկետներում կատարվի: Նախագծի հետագա մշակման ընթացքում այդ նրբությունը պետք է անպայման հաշվի առնել»:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են բնակֆոնդի թարմացմանը, ներդրողների հետ համագործակցությանը, շինարարության ստանդարտներին, մարզերում բնակարանաշինության ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:
Կներդրվի ընդերքօգտագործման ոլորտի ավելի արդարացի հարկման համակարգ. հավանություն է տրվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Առաջարկվող կարգավորման նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ: Մասնավորապես, առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսն ուղղել տվյալ ազդակիր համայնքներին, և ընդ որում, խոսքը ոչ թե նոր 2 տոկոսի մասին է, այլ արդեն վճարված 2 տոկոսից մասհանման: Նախարարի գնահատմամբ՝ այս ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումը նպատակ ունի ներմուծել միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ այն համայնքներում, որտեղ աշխարհագրորեն առկա են բացառապես բնական ռեսուրսներ, հնարավոր է զարգացնել ընդերքօգտագործման միայն այդ ուղղությունները, և համայնքները կրում են այդ գործունեության ազդեցությունը, ինչով պայմանավորված էլ համայնքային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն է առաջանում: Ուստի համայնքին հնարավորություն է տրվում տրամադրված  գումարներն ամեն տարի ուղղել որևէ առանձին ծրագրի: Նախագծով նախատեսվում է նաև ավագանու դերի մեծացում, քանի որ մասհանմամբ իրականացվող ծրագիրը հաստատվելու է ավագանու կողմից, ինչը, նախարարի խոսքով, կբարձրացնի գումարները ծախսելու հասցեականությունը և այնպես չէ, որ այդ եկամուտները կարող են ուղղվել, օրինակ, համայնքապետի աշխատասենյակի վերանորոգմանը: Հաշվետվությունը պետք է հրապարակվի ՏԻՄ և մարզպետարանի կայքէջերում՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն:

Որոշման նախագծի առնչությամբ վարչապետը ներկայացրել է իր դիտարկումները՝ նշելով. «Պարոն Սանոսյան, Դուք ասացիք փոքր գումար: Այնուամենայնիվ, նախորդ տարվա կարգավորումների սահմաններում խոսքը մոտ 700 մլն դրամի մասին է, և եթե հաշվի առնենք, որ մենք ընդհանուր առմամբ հիմա ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք և հաշվի առնենք, որ մետաղների գները, կանխատեսումներով, շարունակաբար բարձրանալու են, նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չէ: Որովհետև եկեք նկատի ունենանք, որ համայնքները կարող են այդ գումարներով իրենց սուբվենցիոն հնարավորություններն ընդլայնել: Եթե չեմ սխալվում, խոսքը 23 համայնքի մասին է, 23 համայնք են ազդակիր: Հիմա նաև սուբվենցիոն համակարգով շատ կարևոր մեխանիզմ ենք գործարկել և երբ լրատվությանը հետևում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում փողոցներ, որոնք 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, ճանապարհներ 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, պուրակներ, որոնք հիմնադրման օրից չեն նորոգվել, նորոգվում են: Այնպես որ, կարծում եմ՝ մեխանիզմն ավելի կարևոր է: Այլ բան, որ մենք պետք է ընդհանուր, ինչպես Դուք նշեցիք, հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկենք, որպեսզի ավելի արդարացի բաժին հասնի և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ համայնքներին»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պետական համակարգում աշխատասենյակների նորոգման հետ կապված դիտարկմանը. «Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք անում, որ զսպում ենք կաբինետներ նորոգելու պետական համակարգի ձգտումները, բայց դա նաև պետք չէ բացարձակեցնել: Այսինքն՝ մեր կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է աշխատեն քարուքանդ կաբինետներում: Այստեղ բացարձակապես պետական պաշտոնյայի կոմֆորտն ապահովելու մասին չէ խոսքը, չնայած դա էլ կարևոր է՝ թե որքանով է աշխատանքային միջավայր ձևավորված, որ մարդը կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Այստեղ ես շատ կարևոր եմ համարում պետականության նկատմամբ քաղաքացու ընկալումը: Այսօր մենք, իմիջիայլոց, այդպիսի խնդիր ունենք դատական և պետական մյուս համակարգերում:

Այլ բան, որ, այո, պետք է, և, ցավոք, լինում են պաշտոնյաներ և կառույցներ, ովքեր չափից են կենտրոնացած լինում կաբինետ նորոգելու և այս կարգի այլ ատրիբուտիկայի վրա: Նկատի ունեմ՝ եկեք այդպես նեգատիվ չդնենք՝ կաբինետը նորոգվեց, ուրեմն հանցավոր գործունեություն է: Ի վերջո, մենք պետական գույք հանդիսացող շենքերում ենք աշխատում, և դա մեր սեփականությունը չէ: Այդ գույքը պետք է պահպանվի, խնամվի, որպեսզի չգա մի օր, երբ ինչ-որ մի կառավարություն պարզի, որ ավերակներից պետական շենքերը փրկելու համար միլիարդավոր դրամներ պետք է ծախսվեն»:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ նախագծի ընդունմամբ ևս մեկ գործնական քայլ է կատարվելու տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ. ինստիտուցիոնալ հենքով կարգավորում է տրվելու, և համայնքն ունենալու է տեսանելի եկամուտներ, որոնք ուղղվելու են համայնքի զարգացմանը:

 

Ավելին՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում