ՃՇՀԱՀ-ի և իտալական IRD Ingenering ընկերության միջև համագործակցությունը նոր որակ է ստանում

ՃՇՀԱՀ-ի և իտալական IRD Ingenering ընկերության միջև համագործակցությունը նոր որակ է ստանում

IRD Ingenering ընկերության և Ճարտարապետություն և շինարարություն Հայաստանի ազգային համալսարանի  միջև համագործակցությունը նոր որակ է ստանում և հնարավորություն բացում շինարարական ֆակուլտետի ուսանողների համար. նրանք մոտակա ժամանակահատվածում կկարողանան կողք կողքի աշխատել եվրոպական միջազգային ճանաչում ունեցող ընկերության մասնագետների հետ։ Այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ -ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

ՃՇՀԱՀ-ի հրավերով համալսարան հյուրընկալել էին IRD Ingenering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն և նույն ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Մեսրոպյանը: Շրջայցից հետո կլոր սեղանի շուրջ կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները։ «Համոզված եմ, որ փոխադարձ հետաքրքրություների մեծ շրջանակ կա», - իր խոսքում նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը՝ հատկապես կարևորելով ուսանողներին գործնական աշխատանքներում ներգրավվելու հարցը։

Համաձայնելով ռեկտորի հետ  IRD Ingenering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն ասել է. «Ծանոթանալով ձեր համալսարանի լաբորատորիանների տեխնիկական հագեցվածությանը և գիտական ներուժին, կարծում եմ կարելի է այդ լաբորատորիաներում պատվիրել շինանյութերի փորձարկումներ, քանի որ մենք Հայաստանում լայնածավալ ծրագրեր ենք իրականացնում»։

IRD Ingenering ընկերությունը Հայաստանում աշխատում է Հյուսիս-հարավ  ճանապարհա - շինարարական ծրագրի շրջանակներում և այս կոնտեքստում ընկերության գործառնական ղեկավարը հնարավոր է համարել  համալսարանի շինարարական ֆակուլտետի ուսանողներին ընդգրկել գործնական աշխատանքներում՝ ինչպես այս, այնպես էլ տարածաշրջանում իրականացվող ծրագրերում։

2021 մայիսի 18-ին «Էլիտ Պլազա»-ում ՏԿԵ նախարարության, IRD Ingenering ընկերության և ՃՇՀԱՀ-ի միջև կնքվել է եռակողմ համագործակցության պայմանագիր՝ Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց ստեղծելու մասին։ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և IRD Ingenering իտալական ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոնը հանդիպման ընթացքում առանձնակի կարևորել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դերը այդ գործընթացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում