Հրաժեշտ, երբ առաջին անգամ ես տեսնում. Դադիվանքն այսօր (տեսանյութ, լուսանկարներ)
«Մեր տուրերի մասնակիցները լավ գիտեն, ամենաերկար ճանապարհն անգամ քեֆ ուրախությամբ է անցել, բայց հիմա մենք գնում ենք մեր կորուսյալ հայրենիքին հրաժեշտ տալու...Կտեսնենք գաղթի ճանապարհը, մեզ այդքան հեռու թվացող ցեղասպանության ճանապարհը: Կտեսնենք դրվագներ, որոնք մեզ պիտի ստիպեն հավերժ հիշել` պատմությունը կրկնվում է, հատկապես, երբ դու պատմության դասերը լավ չես սովորում»:
Մտածում եմ՝ մեզ ոչ ոք չասաց, որ պատերազմը չի ավարտվել, որ պատերազմը մեր քթի տակ է ու գալու է շուտով մտնի մեր տները, որ անցյալի հաղթանակը ոչ թե պարծանքի ու պաթոսի, այլ ատամներով պահելու համար է, մեկ էլ հնչեց մահազդ. «Վարդենիսի ոսկու հանքերից մի քանի կիլոմետր հետո սկսվող ամբողջ տարածքը 3 օրից հանձնում ենք Ադրբեջանին...»։ Արցախը միշտ այնքան հեռու եմ պատկերացել, քարացա․ փաստորեն Արցախն իրոք Հայաստան է, մեզ կպած, մեր բռի մաս։ Հասկացա սպարապետի խոսքերը․ «Ծայրամաս կարող է Ռուսաստանն ունենալ․․․սրտի չափ մի երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է, որտեղից էլ վնասվի՝ մահացու է»։
Հիասթափվեցի ինձնից․ ես չեմ ճանաչել հայրենիքս, երբ իմն էր, հիմա սրտաճաք գնում եմ առաջին ու վերջին անգամ տեսնելու․ չէ որ հայրենասիրությունը սկսվում է հայրենիքը ճանաչելուց։
Բարի գալուստ Արցախ․․․ ու ես չհասկացա ուրախության արցունքներ էին աչքերիցս թափվողները, թե որբության դառը զգացումի, որ առաջին անգամ զգացել էի «ստորագրեց» տողերը կարդալիս։
Արցախի ճանապարհին գաղթ չտեսա (փոխարենը բազմաթիվ այրված տներ, նույնիսկ մեքենաներ, նաև ռազմական), խմբի ուղեկցորդը պատմեց, որ նախորդ ողջ շաբաթը Սոթք-Քարվաճառ ճանապարհը խցանված է եղել մինչև վերջին սանտիմետրը բարձված բեռնատարներով ու մարդատարներով, դրանց հետևից կովեր, ոչխարներ․․․
Հիմա զուգահեռ իրականության մասին՝ զինվորական կանաչով ներկված մեքենան ոլորանների վրա կորցրել է իրեն, անհասկանալի աջ ու ձախ է անում, թվում է ուր որ է ձորը կընկնի։ Բոլորս վախեցած ու շունչներս պահած նայում ենք, մեր վարորդն ամեն կերպ փորձում է շրջանցել ու առաջ անցնել, չի ստացվում․ կանաչ մեքենան անկանխատեսելի անցնում է ոլորանները։
-Երեխա է։
-Ո՞վ։
-Ռույլին երեխա է։
-Հնարավոր չի, էդքան բարձված մեքենան էս ճանապարհին հո երեխայի չէին վստահի։
Շրջանցեցինք, 14-15 տարեկան պատանի էր, իրենից մի քիչ մեծ մի աղջիկ էլ կողքին նստած․․․Տուն էին վերադառնում։ Ամբողջ ճանապարհին մտածում էինք՝ տեսնես տուն հասա՞ն։
-Շատերը կարտագաղթեն, որ իրանց երեխեքը հաջորդ պատերազմին չմասնակցեն։
-Բա՞ հայրենիքը, ոնց կարելի ա դրսում կարոտից մեռնել։
- Չգիտեմ, որդին է թանկ, թե՞ հայրենիքը։
Էս խոսակցության վրա մեկ էլ Թարթառը թեթև քչքչոցով բարևեց։
-Տես, մենք բարձրանում ենք էս ճանապարհով, ելնում ենք ներքևից վերև, էս գետն էլ մեզ հետ։ Թարս է հոսում, էդքան ուժ ունի, աշխարհի օրինաչափությունը խախտել, ներքևից վերև է հոսում, իսկ դուք հայրենիք լքելուց եք խոսում։ Տունը թշնամուն թողած մարդկանց հարցրեք՝ հայրենիք լքելը հե՞շտ բան է։
Թարթառի աջ ափին փռված տերևաթափ ու մերկացած անտառներում, դեղնավուն բազմաթիվ կետեր են երևում․․․ Հա’, հատված ծառերն են։ Կուսանաց անապատում Թարթառի խշշոցն ընդհատվում էր մեծ ու փոքր ծառեր հատող դրուժբայի ու հարայ հրոցի ձայներով․ անտառները թեք են, դժվար է կտրած ծառն իջեցնելը։
-Հա դե, ինչ անեն թող տանեն փող աշխատեն, տուն պահեն, որ մնա թուրքերին, նրանք են կտրելու․․․
Թարթառի ափին կտրված ծառերը հայի մերօրյա սիմվոլիկան են․ արմատներն Արցախում՝ իրենք գլխատված ու անհայտի ճանապարհին․․․
Մի տխուր սիմվոլիկայի մասին էլ պատմեմ ու մնացած բոլոր կադրերը, որ արել եմ Դադիվանքում թող ձեզ միայն խաղաղություն բերեն։
Մեր լեռների բարձունքին Ռուսաստանի դրոշն է հիմա՝ որպես փրկություն։
Գրողը տանի, ո՞նց եփվեց էս ճաշը, որ էսքան դառն ու զզվելի է, բայց ուտում ենք որպես հակաթույն։
Մեզ դիմավորած ռուս խաղաղապահները, որոնք, ինչպես իրենք են ասում, հասարակ զինվորներ են, ապրում են Դադիվանքի տարածքում, բարեկամաբար մեզ ուղեկցում մեր հոգևոր տուն, որ մեր իսկ տան մեջ մեզ վտանգ չսպառնա։
Տղերք են էլի, մեր զինվորների պես։ Ժպտում են, խոսում հետդ, նույնիսկ սուրճի հրավիրում․․․
Դադիվանքի գմբեթները լեռներից բարձր, լեռներից հպարտ։
Վանքում հայկական շունչ, Սուրբ մկրտություն ... Հրաժեշտ ենք տալիս։
Վանքի զանգերը լսելուց հետո, մեկ էլ հուզվում ես, երբ հնչում է հրաժեշտի Տէր Ողորմեան։
Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Շնորհիւ աւուրս մեզ ողորմեա:
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ու պատերազմում ոտքը կորցրած կամավորը
Վերադառնում ենք, խաղաղապահներին մոտեցավ մի տղամարդ․
-Ծխու՞մ եք, տղերք։
-Այո
-Վերցրեք, սա Հայաստանն է․․․
Ընկերներս կանգնում են խաղաղապահների դիմաց։
-Մեր հայրենիքն է, տղերք, լավ կնայեք։
-Կնայենք մեր ուժերի չափով։
-Մեր հողն է ու մենք հետ ենք գալու։
Կարծիքներ