Բեյրութում հզոր պայթյունից հետո Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն օրական ցուցանիշը
Լիբանանում ուրբաթ կորոնավիրուսով վարակման առնվազն 279 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 5951-ի, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքի անգլալեզու կայքը:
Նշվում է, որ սա երկրում համավարակի սկզբից ի վեր վարակակիրների առավելագույն օրական ցուցանիշն է:
Ապաքինվածների ընդհանուր թիվը 2042 է, մահացել է 70 մարդ:
Ռաֆիկ Հարիրիի անվան համալսարանի հիվանդանոցի տնօրեն Ֆիրաս Աբիադը տեղեկացրել է, որ առաջիկայում վարակակիրների թիվը կավելանա:
«Լիբանանում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության նկատմամբ հավաքական իմունիտետը կթուլանա այն իրավիճակի համեմատ, որը կար մինչ Բեյրութում աղետը: Դա իր հերթին կունենա միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ պետության համար»,- հայտարարել է Աբիադը:
Այս մերձարևելյան երկիրը, որն արդեն տնտեսական աննախադեպ ճգնաժամ էր ապրում և պայքարում էր կորոնավիրուսի դեմ, երեքշաբթի ցնցվեց Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, որից 13-ը՝ հայ, ավելի քան 5000-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս դեպքից հետո Բեյրութի հիվանդանոցները լի են ոչ միայն վարակակիրներով, այլև միջադեպի հետևանքով տուժածներով, ինչն էլ կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը:
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ