Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով, մասնավորապես, պարտադիր է դառնում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: «Երեխայի իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՍԴ-ի համապատասխան որոշումից, որով ՍԴ-ն Երեխայի իրավունքների մասին օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է Սահմանադրության 25-րդ և 37-րդ հոդվածներին հակասող՝ այնքանով, որքանով չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, երբ երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը: «Նախագծով ամրագրվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող 16 տարին լրացած երեխայի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի կողմից իրազեկված համաձայնություն տալու հնարավորությունն այն դեպքում, երբ հոգեկան խանգարման բնույթը թույլ է տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կիրառվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները: Իսկ նշված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու է դատարանի վճռի հիման վրա: 16 տարին չլրացած երեխայի դեպքում իրազեկված համաձայնությունը տրվելու է նրա օրինական ներկայացուցչի կողմից»,-ասաց Ավանեսյանը:
Այսպիսով 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:
Կարծիքներ