«Ապրելու երկրի» ղեկավարած Ալավերդի համայնքում նոր խողովակների գնով գնված հին խողովակներ, հողերի անօրինական օտարումներ, պաշտոնների ապօրինի նշանակումներ և ֆինանսական այլ չարաշահումներ են հայտնաբերվել

«Ապրելու երկրի» ղեկավարած Ալավերդի համայնքում նոր խողովակների գնով գնված հին խողովակներ, հողերի անօրինական օտարումներ, պաշտոնների ապօրինի նշանակումներ և ֆինանսական այլ չարաշահումներ են հայտնաբերվել

Օրեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում էր կատարել, որում պնդում էր, թե փորձում են ստուգումներով վախեցնել իրենց։ Այնինչ իրավիճակը փոքր ինչ այլ է։Այս մասին հայտնում է Civic.am-ը:

Ալավերդիում, իրոք, ստուգումներ են իրականցվել, և մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնաբերվել են խայտառակ չարաշահումներ, ու գործը երևի թե կհասնի իրավապահներին։  «Որպեսզի պատկերացնեք խայտառակության աստիճանը՝ սուբվենցիոն ծրագրով համայնքի և Կառավարության բյուջեից հատկացված գումարով պիտի ջրագիծ փոխվեր, բնականաբար նոր խողովակաշար պիտի անցկացվեր, սակայն նոր խողովակաշարի գնով հին խողովակներ են գնել ու փորձել «սղացնել»։ Նույն բանն էլ արել են որոշ տանիքների հետ կապված. տանիքի նոր ծածկի գնով հին ծածկ են գնել ու էդպես շարունակ։ Եղել են նաև 60 հոդվածի հողերի օտարման դեպքեր, պաշտոնների ապօրինի նշանակումներ ու ֆինանսական այլ չարաշահումներ։ Ամբողջը մեկ օրում չեմ հասցնի պատմել»,- փոխանցեց մեր աղբյուրը։  

Մեր տեղեկություններով՝ այս ամենը մեծ լարում է առաջացրել նաև «Ապրելու երկիր» ավագանու խմբակցության կազմում։ Բանն այն է, որ համայնքապետը իր գործերը սովորաբար համաձայնեցնում է կուսակցության ղեկավար կազմի՝ Մանե Թանդիլյանի, Մեսրոպ Առաքելյանի հետ, իսկ ավագանիներին երբեք ուշադրություն չի դարձնում, ու երբ նման բացահայտումներ են եղել, ավագանու անդամներից շատերը դժգոհել են․ «Դե թող Մանեն ու Մեսրոպն էլ գան, պատասխան տան, մենք ենք ամեն օր Ալավերդիում փողոց դուրս գալու, այս խարանը ճակատներիս»։  

Մանե Թանդիլյանը այս պրոցեսի մեկնարկից հետո անձամբ է գնացել Ալավերդի՝ հասկանալու համար իրավիճակը, փորձել է այնպես անել,  որ հանրային արձագանքը կառավարելի լինի և մեծ ազդեցություն չունենա Երևանի ընտրությունների վրա։ Սակայն դա դժվար կլինի ապահովել, եթե գործը հասնի իրավապահներին, իսկ մեր տեղեկություններով՝ կհասնի։  

Ալավերդեցիներն էլ կատակում են.- «Էդ էր էդ, էլ խի՞ էիք ասում՝ ապրելու Ալավերդի, ասեիք՝ տռուբի փող ուտելու Ալավերդի»։  

Ջ․ Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում