Շոյգուն հայտարարել է, որ խռովության փորձը չի ազդել Ուկրաինայում զինվորականների գործողությունների վրա
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ երկրում զինված խռովության փորձը չի ազդել Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում ռուս զինվորականների առաջադրանքների կատարման վրա։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից։
«Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ Զինծառայողները խիզախորեն և անձնուրացաբար շարունակել են լուծել իրենց առջև դրված խնդիրները», - ասել է Շոյգուն հուլիսի 3-ին տեղի ունեցած նիստի ժամանակ։
ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ հունիսի 23-25-ին «Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձը» ձախողվել է «առաջին հերթին այն պատճառով, որ Զինված ուժերի անձնակազմը հավատարմություն է դրսևորել իրենց երդման և զինվորական պարտքի նկատմամբ»։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, թե իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, մտել էին Դոնի Ռոստով, այնուհետև՝ շարժվել դեպի Մոսկվա: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը։
Կարծիքներ