Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն:
Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Լոռու մարզի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագրին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանն իր համար առաջնահերթ ուղղություն է դիվանագիտական առաքելություն իրականացնելու տեսանկյունից: Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու առկա համագործակցությունը:
Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության ու համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորության զարգացումը, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ մատնանշելով ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթական բոլոր մակարդակներում բարեփոխումների ընթացքը:
Մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հատկապես Նիդերլանդների թանգարանային քաղաքականության փորձի, մասնավորապես՝ մարքեթինգային բաղադրիչի ուսումնասիրմանը՝ մշակութային ժառանգությունն ավելի հասանելի և գրավիչ դարձնելու նպատակով:
Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը վստահություն է հայտնել՝ մշակույթի ոլորտում համագործակցությունը մարդկանց միջև կապերի ամրապնդման լավագույն միջոցներից է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ