Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին
Մեր բոլորիս շատ սիրելի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին.
Ներկայումս այս անկյունային մասում տեղակայված է «SAS» սուպերմարկետը: Ամիրյանը՝ մեր քաղաքի հնագույն փողոցներից է:
Դեռևս 1860-ականներից այն կրել է Նազարովսկայա անունը՝ Երևանի նահանգի նահանգապետի անունով: 1918-20 թթ. Առաջին հանրապետության օրոք քաղաքային իշխանությունները ձեռնամուխ են եղել Երևանի բոլոր փողոցները հայեցի անվանումներով փոխելու գործընթացը: Այդ ժամանակ անվանափոխվել է նաև Նազարովսկայան, որը սկսել է կրել ազգային գործիչ՝ Քրիստափոր Միքայելյանի անունը: Սովետական կարգերի հաստատումից հետո, 1921-ից, այս և Երևանի կենտրոնի համարյա բոլոր փողոցները արագ կերպով «բոլշևիկացվել» են: Եվ Քրիստափորի փողոցը սկսել է կրել բաքվեցի բոլշևիկ Արսեն Ամիրյանի անունը: Ավելի ուշ արդեն՝ 1991-ի անկախության վերականգնումից հետո փողոցը վերանվանվել է Վռամշապուհ արքայի անունով, սակայն դա կարճ է տևել, և փողոցին կրկին վերադարձվել է Ամիրյանի անունը:
Հ. Գ. Ամիրյան փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և իմ սիրելի Թատերական ինստիտուտի մոտ խաչվում է Անրի Վերնոյ փողոցի հետ: (Ես իհարկե դեմ չեմ, որ փողոց լինի Վռամշապուհ արքայի՝ նաև մեր մյուս թագավորների անուններով: Որովհետև ինչքան տեղյակ եմ՝ ներկայումս միայն Տիգրան Մեծի անունով պողոտա կա և Արգիշտիի անունով փողոց: Մնացած մեր արքաները մոռացության են մատնվել):
Այնուամենայնիվ շատ կցանկանամ, որ հետագայում Ամիրյան փողոցը կոչվի Շառլ Ազնավուրի անունով:
Շատ ավելի հարազատ կլինի Ազնավուր - Վերնոյ հանդիպումը...
Կարծիքներ