Գյումրու արյան բանկում կա բավարար քանակության արյան պաշար․ Տնօրեն Սուսան Պետրոսյան

Գյումրու արյան բանկում կա բավարար քանակության արյան պաշար․ Տնօրեն Սուսան  Պետրոսյան

Գյումրու արյան փոխներարկման կայանն արդեն երրորդ օրն է ինչ աշխատում է գերծանրաբեռնված։

Կառույցի տնօրեն Սուսան  Պետրոսյանը  Freenews-ի հետ զրույցում  նշեց, որ  մեր երկրի համար այս դժվարին պահին, նրանք ովքեր չեն կարողանում մեկնել առաջնագիծ,  փորձում են օգտակար լինել իրենց արյամբ։

«Արցախում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո  Գյումրու արյան փոխներարկման կայանում հերթեր էին գոյացել։ Փորձեցինք սպասարկել բոլորին, բայց մարդկանց հոսքը անասելի շատ է։ Երեք օր անկանոն ռեժիմով աշխատելուց հետո, որոշեցինք հերթագրել մարդկանց, այս պահին անհրաժեշտություն չկա, հարկ եղած դեպքում մարդկանց հեռախոսահամարները ունենք, կհրավիրենք կայան»։

Տնօրեն Սուսան Պետրոսյանը  թվարկեց նաև այն կառույցների անունները, որոնք արդեն հերթագրվել են, արյուն հանձնելու համար։

«Մեծ թվով կոլեկտիվներ են հերթագրվել, դպրոցներ, մարզպետարան, ԱԱԾ-ի աշխատակիցներ, Քննչական բաժնից և շատ այլ կառույցներից, բայց մենք ի վիճակի չենք այդքան մարդկանց սպասարկելու միանգամից, հետևաբար հերթագրումն ավելի ճիշտ է։

Իսկ մարզի բուժհիմնարկները հենց առաջին օրվանից էին մեզ մոտ, որոնց մի մասից արդեն արյուն վերցրել ենք, մյուսներին նույնպես հերթագրել ենք։

Աստված մի արասցե եթե խնդիրներ լինեն, ապա մենք պատրաստ ենք հսկայական քանակության արյան պաշար ուղարկելու պահանջված վայր։ Բայց այս պահին լրացուցիչ արյուն հանձնելու կարիք չկա։

Հարցին, թե հարկ եղած դեպքում հիմնականում արյան ո՞ր խումբն է պահանջված, կայանի տնօրենը պատասխանեց․

Հայկական խումբը երկրորդ դրական է հիմնականում, բայց մենք բոլոր խմբերից էլ վերցրել ենք արյուն»։

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են ռազմական լայնամասշտաբ գործողությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում