Չեմ հիշում, որ ԱՀ ղեկավարությունը մի բան ասած լինի այն ղեկավարին, որը նրանց դուրս է թողել բանակցությունից. Մեհրաբյան ՀԺ
Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանակցությունների մասին՝ նրա արած մեկնաբանություններին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք, ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում: Բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Նրա խոսքով՝ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք կար ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն:
Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ընդգծել է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Հարությունյանի գրառման այս հատվածին, նկատեց՝ այսքան ժամանակ չի հիշում դեպք, երբ Արցախի ղեկավարությունը մի բան ասած լինի այն ղեկավարին, որը նրանց դուրս է թողել բանակցության սեղանից:
«Չեմ հասկանում՝ հիմա ի՞նչ է ուզում Արայիկ Հարությունյանը, ո՞րն է նրա դրդապատճառը: Չեմ հասկանում՝ ինչի՞ է ուզում հասնել Արցախի նախագահը: Հարությունյանն ասում է՝ եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես պետք է պարզապես չխանգարել: Այս խոսքերը Հարությունյանն ավելի լավ է հասցեագրի ՀՀ-ի նախկին ղեկավարներին, որոնք աջ ու ձախ խոսում են Արցախից և կեղծ դիսկուրսներ գցում հանրային դաշտ»,- ասում է Մեհրաբյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Արցախի ղեկավարությունը, չգիտես ինչու, ժամանակին մտածում էր, թե բանակցային գործընթացներին չմասնակցելը բխում է Արցախի շահերից, իսկ հիմա հակառակն է:
«Հիմա էլ Արցախի շահերից սկսել է բխել բանակցություններին վերադառնալը: Այս ամենը հաշվարկված է մարդկանց կարճ հիշողությունների հույսով, բայց իզուր, բոլորն էլ ամեն բան շատ լավ հիշում են: Հիշողության կարճության պարագայում էլ օգնության է գալիս «նորին մեծություն» «Գուգլ»-ը, ինչն ամեն բան պահպանում է»,- ընդգծում է նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հաճախակի հանդիպումներ են ունենում, որոնցից վերջինն էլ եղել է վարչապետի՝ Բրյուսել այցից հետո: Հարցին՝ արդյոք կարիք կա՞ր այս քննարկումները բերել առցանց հարթակ, երբ հանդիպում կազմակերպելը «մի քանի րոպեի» հարց էր, Մեհրաբյանը նկատեց՝ կան հանգամանքներ, որոնք մեզ անհայտ են:
«Այս ֆեյսբուքյան գրառումը խիստ վնասակար է, ազդելու է հարաբերությունների վրա: Սրան պետք է վերջակետ դնել: Մենք ավելի օրհասական խնդիրներ ունենք այսօր՝ ռազմագերիների հարցը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, հումանիտար խնդիրներ և այլն: Սրանք այն հարցերն են, որոնք թույլ կտան հետագայում տրանֆորմացնել այս կոնֆլիկտը: Այսպիսի կոնֆլիկտները մեզ որևէ օգուտ չեն բերելու, իսկ վնասեր կտան՝ ինչքան ասես»,- նկատում է քաղաքագետը:
Նկատառմանը՝ Փաշինյանը նշում է, որ իր՝ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները, և բանակցությունները հանգել էին այս կետին դեռևս իր պաշտոնավարումից առաջ: Հարցին՝ հնարավո՞ր է՝ այս մասին չիմանար Արայիկ Հարությունյանը, այն դեպքում, երբ 2007-2018 թվականներին եղել է Արցախի վարչապետ, Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝ բացառվում է, որ այս ամենի մասին Հարությունյանը տեղյակ չլիներ. «Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Հարությունյանի այս գրառումը, չգիտեմ, չեմ ուզում վարկածներ առաջ քաշել, որպեսզի ավելորդ շահարկումների թեմա չդառնա»:
Դիտարկմանը, որ Արցախի նախագահն իր գրառման մեջ նշել է՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը, հարցին՝ կարո՞ղ ենք այս դիտարկումից հասկանալ, որ Արցախի իշխանություններն ավելի հակված են կայուն հարաբերություններ ձեռք բերել ՌԴ-ի հետ, քաղաքագետը չբացառեց դա:
«Այս հարցերը բավականին օրինաչափական են, սակայն հարցեր են, որոնք պատասխաններ չունեն: Վլադիմիր Պուտինի լուսանկարներն են աջ ու ձախ փակցնում, ինչի՞ համար: Հայաստանում էլ նման փորձ արվեց՝ Պուտինի նկարները փակցնելու: Դա ես ընկալում եմ որպես մարգինալ դրսևորում, բայց Արցախում չեմ կարծում թե դա մարգինալ դրսևորում կարող է լինել: Էլ չասեմ, որ ամեն անգամ գերիների փոխանակման գործընթացում աջ ու ձախ Մուրադովի անունն են տալիս՝ կապ չունի դրա հետ նա կապ ունի՞, թե՞ ոչ: Այս ամենը խիստ անառողջ դրսևորումներ են»,- կարծում է Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ սա բացասաբար է ազդում նաև հանրային ընկալումների վրա, կրկին ակտիվանում է «հայ և ղարաբաղցի» եզրույթը:
«Բայց չպետք է տրվել այդ պահի տրամադրություններին: Արայիկ Հարությունյանն իր գրառման մեջ մի ճիշտ բան է գրել՝ բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Ես կարծում եմ, որ այս գրառումներով կսահմանափակվի վերոնշյալ թեման, և մտքերի փոխանակումը կանցնի կոնֆիդենցիալ դաշտ»,- հույս է հայտնում զրուցակիցը:
Հարցին՝ ֆեյսբուքյան այս բանավեճն ի՞նչ արձագանք կարող է ստանալ միջազգային հարթակներում, քաղաքագետն ընդգծեց՝ մեզ կարող են անլուրջ վերաբերվել. «Մեզ ասելով՝ նկատի ունեմ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտոնական շրջանակներին: Սա շատ վատ է, և ես հույս ունեմ, որ այս խոսակցությունները պաշտոնյաները կդադարեցնեն ու վերջակետ կդնեն»,- եզրափակեց Մեհրաբյանը:
Կարծիքներ