Նիդերլանդները կարեւոր գործընկեր է Հայաստանի համար. Արման Եղոյան
Նիդերլանդները՝ որպես Եվրոպական միության հիմնադիր-անդամ եւ եվրոպական արժեքների առաջմղողներից, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակը:
Հանձնաժողովի նախագահը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությանն առնչվող եւ մի շարք այլ հարցեր:
Անդրադարձ է կատարվել Նիդերլանդների կողմից Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին, ինչպես նաեւ խորհրդարանի կողմից 2021թ. ընդունած բանաձեւին, որում հղում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր նախորդ բանաձեւերին՝ խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերջնականապես եւ հստակ ճանաչել այն:
Նիկո Սխերմերսը նաեւ ներկայացրել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները:
Կարծիքներ