ԵՄ առաջնորդները գագաթաժողովում կհաստատեն Բալկանյան երկրների անդամակցության երաշխիքը

ԵՄ առաջնորդները գագաթաժողովում կհաստատեն Բալկանյան երկրների անդամակցության երաշխիքը

Եվրամիության առաջնորդները Սլովենիայում կայանալիք գագաթաժողովում կկարողանան հաստատել Բալկանյան վեց երկրների ապագա անդամակցության երաշխիքները՝ այն բանից հետո, երբ ԵՄ դեսպանները կհաղթահարեն իրենց տարաձայնությունները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ երկու պաշտոնյաների:

ԵՄ եւ Բալկանյան երկրների ղեկավարների հանդիպման համար չորեքշաբթի օրը կայանալիք գագաթաժողովի հռչակագրի ձեւակերպման շուրջ մի քանի շաբաթվա տարաձայնությունից հետո ԵՄ 27 երկրների ներկայացուցիչները համաձայնության են եկել, որպեսզի «վերահաստատեն․․․ իրենց անվերապահ աջակցությունը եվրոպական հեռանկարին»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ հռչակագրի հետ կապված փակուղային իրավիճակն ընկալվել է որպես ԵՄ մայրաքաղաքներում խանդավառության բացակայություն` Սերբիայի, Կոսովոյի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միացման հարցում:

ԵՄ երկրորդ պաշտոնյան ասել է, որ թեեւ այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովի հռչակագրի շուրջ, իր համայնքը հարավ-արեւելք ընդլայնելու ԵՄ-ի ռազմավարությունը խոչընդոտների է հանդիպել, նույնիսկ եթե դուռը պաշտոնապես բաց է նրանց համար, ովքեր համապատասխանում են անդամակցության չափանիշներին: «Չեմ կարող ասել, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է պաշտոնյան՝ նշելով որոշ անդամ-երկրների դժկամությունը՝ կապված ԵՄ-ի հետագա ընդլայնման հետ: «Իհարկե, խնդիրները շատ են, բայց չի կարելի ասել, որ դուռը փակ է»:

ԵՄ երկրները հրաժարվել են հրապարակել իրենց բանակցային դիրքորոշումը գագաթաժողովի հռչակագրի վերաբերյալ, թեեւ Սլովենիան, որը նախագահում է ԵՄ-ում, ձգտել է ներառել այն պարտավորությունը, որը ԵՄ-ն բալկանյան վեց պետությունների հանդեպ կստանձնի մինչեւ 2030 թվականը:

ԵՄ երկրորդ ներկայացուցիչն ասել է, որ դա հաջողությամբ չի պսակվել:

Հյուսիսային հարուստ երկրները վախենում են 2007-ին Ռումինիայի եւ Բուլղարիայի հապճեպ միացման կրկնությունից եւ արեւելաեվրոպական աշխատողների վատ կառավարվող միգրացիայից դեպի Մեծ Բրիտանիա, ինչը շատ բրիտանացիների տրամադրել է ԵՄ-ի դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում