Պուտինն ու Թրամփը համատեղ ասուլիս կանցկացնեն. Ուշակովը մանրամասներ է հաղորդել առաջիկա հանդիպումից

Պուտինն ու Թրամփը համատեղ ասուլիս կանցկացնեն. Ուշակովը մանրամասներ է հաղորդել առաջիկա հանդիպումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

«Բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն, որտեղ կամփոփեն բանակցությունների արդյունքները», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ հանդիպմանը երկու երկրի ղեկավարները քննարկելու են «խաղաղության և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական և ամենահրատապ հարցեր»։

Խոսելով հանդիպման ձևաչափի մասին, նա տեղեկացրել է, որ նախագահների զրույցը սկզբում լինելու է երկկողմ, ինչից հետո բանակցություններին կմիանան արդեն պատվիրակության մյուս անդամներ, և քննարկումները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով։

«Հանդիպման մասնակիցների կազմն արդեն որոշված է։ Հաշվի առնելով, որ քննարկվելու են շատ կարևոր և զգայուն թեմաներ, բանակցությունների մասնակիցների շրջանակը լայն չէ։ Ես կներկայացնեմ ռուսական պատվիրակության անդամների անունները՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակով, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսով, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև․․․ Բանակցությունները կլինեն գործնական բնույթի, բնականաբար, մենք բոլորս ունենք գործնական տրամադրվածություն», - լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա նաև խորհրդանշական է անվանել փաստը, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի է ունենալու Հաղթանակի 80-ամյակի տարում՝ խորհրդային օդաչուների թաղման վայրի մոտ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում