ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով. սա երկկողմանի պրոցես է. Խուդաթյան

ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով. սա երկկողմանի պրոցես է. Խուդաթյան

«Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին, թե «Խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ ի՞նչ է ստանում Հայաստանը։

«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, արդեն փոխանցվել է, և ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- ասաց Խուդաթյանը:

Նա նշեց, որ «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Հայաստանին մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը. «Կարծում եմ, որ դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, կարևոր և ուրախալի իրադարձություն է»։

Խուդաթյանը նկատեց, որ նախկինում չարագուշակ մեկնաբանություններ էին արվում «Խաղաղության պայմանագրի» տեքստի մասով, մինչդեռ, ըստ նրա, տեքստի հրապարակումից առաջ պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ողբերգական և չարագուշակ բան չկար. «Մենք սովոր ենք, որ այդպիսի մեկնաբանություններ կարվեն այնքան ժամանակ, մինչև գա պահը ավելի մանրամասնելու փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը»։

Հարցին, թե ո՞ւր է գնալու Հայաստանն այդ ճանապարհով, Խուդաթյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում