Համավարակի պատճառով միջազգային տուրիզմի եկամուտների կորուստները կազմել են մոտ 320 մլրդ դոլար
Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային զբոսաշրջային ոլորտն այս տարի կարող է չստանալ 320 մլրդ դոլար: Այս մասին նշված է այսօր տարածված ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դեպի այլ երկրներ ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը ընթացիկ տարվա մայիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ 98 տոկոսով կրճատվել է: Ընդ որում՝ այս տարվա առաջին 5 ամիսներին այս ցուցանիշն ունեցել է 56 տոկոսով անկում, «ինչը հանգեցրել է միջազգային տուրիզմի եկամուտների մոտ 320 մլրդ դոլար կորուստի», հստակեցրել են կազմակերպությունից:
«Այս վերջին տվյալները հստակ ցույց են տալիս տուրիզմի վերականգնման կարեւորությունը, հենց որ անվտանգ լինի: Միջազգային տուրիզմի կտրուկ անկումը սպառնում է միլիոնավոր մարդկանց գոյության միջոցների կորստով, այդ թվում՝ զարգացող երկրներում»,- նշել է ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Այդուհանդերձ, ինչպես ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, ներկայումս նկատվում են միջազգային տուրիստական ուղեւորությունների աստիճանական վերականգնման նշաններ: Սա հիմնականում կապված է Եվրամիության արտաքին սահմանների մասնակի բացման հետ: Դրա հետ մեկտեղ, ոլորտի վերջնական վերականգնում է սպասվում 2021 թվականի միայն երկրորդ կեսին, նշել են կազմակերպությունից:
Կարծիքներ