Հնդկական Հիմալայներում կա առեղծվածային «Կմախքների կղզի»
Հնդկական Հիմալայների բարձունքում կա լիճ, որը տեղակայված է ձնով ծածկված շրջանում եւ լցված է հարյուրավոր մարդկային կմախքներով, հաղորդում է BBC-ն:
Ռոփքունդ լիճը գտնվում է ծովի մակարդակից 5029 մետր բարձրության վրա Տրիսուլա ժայռի լանջերի շրջանում, որը Հնդկաստանի Ուտարաքխանդ նահանգում ամենաբարձր լեռներից մեկն է:
Մնացորդները փռված են 1942 թվականին բրիտանացի անտառապահի կողմից հայտնաբերված «կմախքների լճի» մոտ՝ սառույցի մոտ եւ դրա տակ:
Երբ ձյունը հալում է, կարելի է տեսնել կմախքները, երբեմն դրանք նաեւ լավ պահպանված հյուսվածքներ ունեն: Այսօրվա դրությամբ այդտեղ հայտնաբերվել է շուրջ 600-800 մարդու մնացորդ: Տեղի կառավարությունը նկարագրում է այն՝ որպես «արտասովոր լիճ»:
Հին տեսություններից մեկը կապում է մնացորդները հնդիկ թագավորի, նրա տիկնոջ եւ ծառաների հետ, որոնք զոհվել են ձնաբքի մեջ շուրջ 870 տարի առաջ:
Մեկ ուրիշ տեսությամբ՝ մնացորդներից մի քանիսը պատկանում է հնդիկ զինվորներին, որոնք փորձել են ներխուժել Տիբեթ 1841 թվականին եւ հետ են մղվել: Նրանցից ավելի քան 70 զինվոր ստիպված էր փնտրել տուն տանող ճանապարհը Հիմալայների միջով եւ ճանապարհին զոհվել է:
Եւ մեկ տեսության համաձայն՝ դա կարող էր լինել «գերեզմանոց», որտեղ հուղարկավորել են համաճարակների զոհերին: Տեղի գյուղերում կա տարածված ժողովրդական երգ, որում պատմվում է այն մասին, թե ինչպես է Նանդա Դեւի աստվածուհին ստեղծել «երկաթի պես ամուր» կարկուտ, որը սպանել է լճի մոտով անցնող մարդկանց: Հնդկաստանում բարձրությամբ երկրորդ լեռը՝ Նանդա Դեւին, վայելում է աստվածուհու պաշտամունք:
Կմախքների ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մահացած մարդկանց մեծամասնությունը եղել են միջինից բարձր հասակ ունեցող: Նրանց մեծամասնությունը եղել է 35-40 տարեկան: Երեխաներ չեն եղել: Նրանցից մի քանիսը եղել են տարեց կանայք: Բոլորը եղել են բավականաչափ առողջ:
Բացի այդ, սովորաբար ենթադրվել է, որ կմախքները պատկանել են մարդկանց միեւնույն խմբին, որոնք զոհվել են միաժամանակ միեւնույն աղետում 9-րդ դարում:
Վերջին հնգամյա հետազոտությունը, որում մասնակցել է 28 համահեղինակ Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի 16 կազմակերպություններից, ցույց է տվել, որ բոլոր այդ ենթադրությունները կարող են իրականությանը չհամապատասխանել:
Գիտնականները գենետիկորեն վերլուծել եւ թվագրել են 38 մարմինների, այդ թվում՝ 15 կանանց մնացորդները, որոնք հայտնաբերվել էին լճում. նրանցից մի քանիսը շուրջ 1200 տարեկան էին:
Նրանք հայտնաբերել են, որ զոհվածներն ունեն տարբեր գենետիկա, եւ նրանց մահերը գրանցվել են 1000 տարի տարբերությամբ:
«Դա հերքում է ցանկացած բացատրությունները, որոնք կապված են միեւնույն աղետալի իրադարձության մասին, որոնք հանգեցրել են նրանց մահվան»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակներից մեկը՝ Էադաոին Հարնին:
Այդպիսով՝ մարդկանց այդ բազմազան խմբերը ճանապարհորդել են լճի տարածքում փոքր խմբերով մի քանի հարյուր տարվա ընթացքում:
Տեղում չի հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ առեւտրային ապրանքներ. լիճը չի գտնվում առեւտրային ճանապարհին:
Ուխտագնացությունը, որը տեղի է ունենում լճի մերձակայքում, կարող է բացատրել, թե ինչու են մարդիկ ճանապարհորդում այդ շրջանում: Ուստի գիտնականները նաեւ համարում են, որ դիերի մի մասը, որոնք հայտնաբերվել են այդտեղ, մահացել են «ուխտագնացության ժամանակ զանգվածային վախճանի հետեւանքով»: Սակայն որոշ հետազոտությունների արդյունքում այդտեղ հայտնաբերվել են նաեւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանից դիեր: Հարց է ծագում՝ ինչպե՞ս են Եվրոպայից մարդիկ հայտնվել հեռավոր լճի տարածքում՝ Հնդկաստանի ամենաբարձրադիր լեռներում:
Քիչ հավանական է թվում, որ Եվրոպայից մարդիկ այդքան ճանապարհ են կտրել դեպի Ռոփքունդ հնդուական ախտագնացությանը մասնակցելու համար:
«Մենք դեռեւս փնտրում ենք պատասխանները»,-ասել է Հարնին:
Կարծիքներ