Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում. համալսարանում բացվել է գիտահետազոտական նոր կենտրոն
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ապրիլի 15-ին տեղի են ունեցել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոնի բացմանը նվիրված միջոցառումը և Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը:
Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը. «Այսօր մեզ համար իրապես պատվավոր օր է, քանի որ ԵՊՀ-ում է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանակոչված է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը: Մենք միշտ ընդգծել ենք գիտնականի դերի կարևորությունը, և այսօր էլ, ի դեմս Յուրի Հովհաննիսյանի, ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ գիտնականը հասարակության էլիտան է»:
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով կոչում շնորհելու որոշմանը, նշել է. «Երբ նախաձեռնեցինք ԵՊՀ-ում միացյալ գիտահետազոտական կենտրոն բացելու գործընթացը և տեղեկացանք, որ Յուրի Հովհաննիսյանը գալու է Հայաստան, իմ կողմից ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին առաջարկ եղավ Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու վերաբերյալ, ինչին ԳԽ անդամները միաձայն կողմ արտահայտվեցին»:
Ըստ աղբյուրի՝ պՊատվավոր պրոֆեսորի կոչում ստանալուց հետո Յուրի Հովհաննիսյանը անդրադարձել է Մենդելեևի աղյուսակում իր ղեկավարությամբ հայտնաբերված 112-118 տարրերի անվանակոչմանը՝ նշելով, որ 118-րդ տարրը սկզբնապես ցանկացել է անվանակոչել «Armenia», սակայն հնարավոր չի եղել, քանի որ Ar քիմիական տարրն արդեն կար աղյուսակում:
«Մնացյալ ներկաները նույնպես շնորհավորեցին արդեն իսկ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորին:
Հանդիսավոր արարողության ավարտին ԵՊՀ-ի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև եռակողմ համաձայնագիր կնքվեց ՝ համաձայն որի ԵՊՀ-ում բացվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարևորելով կենտրոնի դերը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է. ‹‹ԵՊՀ-ն երկար տարիներ շատ ակտիվ համագործակցություն է ունեցել Դուբնայի գիտահետազոտական կենտրոնի հետ: Ֆիզիկայի տարբեր ճյուղերի հետազոտողներ պարբերաբար այցելում են Դուբնա, մասնակից դառնում կատարվող աշխատանքներին և նպաստում համագործակցության ամրապնդմանը: Սա կարևոր է առհասարակ ֆիզիկայի ոլորտի և մասնավորապես ԵՊՀ-ի համար»:
Կարծիքներ