Դպրոցը մերն է, ուստի այն լավը դարձնելու համար պետք է մեկտեղվեն բոլոր ջանքերն ու ներուժը․ Լիլիթ Ստեփանյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կրթական ոլորտում կատարվող բրեփոխումներին։ Նա իր հայտարարության մեջ մասնավորապես գրել է․
Տևական ժամանակ է` հասարակության մեջ բուռն քննարկման թեմա են դարձել նոր առարկայական չափորոշիչները: Սա շատերի համար անընդունելի է, բայց ըստ իս նորմալ ու բնական ռեակցիա է ոլորտի մասնագետների, մանկավարժների, ծնողների, շահագրգիռ կազմակերպությունների ու հընթացս ձևավորված նախաձեռնող խմբերի կողմից: Զարմանալի կլիներ, եթե առհասարակ առարկայական չափորոշիչներն ուշադրությունից դուրս մնային ու քննարկման առարկա չդառնային: Դպրոցը պետության և հասարակության կարևորագույն ինստիտուտներից է:
Բայց այս ամենի մեջ ավելի շատ միջանձնային քննադատություն կա, քան ըստ էության փաստարկված մոտեցում կամ քննարկում: Այն, որ պատասխանատու գերատեսչությունն ու առարկայական խմբերը բաց են ու պատրաստ համագործակցության, վկայում են հանրային քննարկման համար ստեղծված մեծ հարթակն ու ամենատարբեր միջոցները՝ առցանց հանդիպումներ ուսուցիչների հետ, դիտարկումների, առաջարկների ընդունում և այլն: Ինչպես նշում է ԿԳՄՍ փոխնախարարը, շուրջ 6000 ուսուցիչ մասնակցել է տարբեր առարկաների չափորոշիչները մշակող խմբերի հետ: Սա անշուշտ կարևոր է և ելակետային: Այո, չափորոշիչներն ու դրանց հիման վրա գրվող առարկայական ծրագրերն ու դասագրքերը իրենց ամենօրյա աշխատանքում կիրառողներն ու օգտագործողներն ուսուցիչներն են, ուստի ոլորտի մասնագետի ու ակադեմիական շրջանակների մեծագույն մտավորականների ու գիտնականների աչքից կարող է վրիպել միայն դպրոցին, դպրոցականին ու դպրոցական կրթության մեթոդաբանությանը առնչվող առաջին հայացքից փոքր, բայց կարևոր կետեր: Այս առումով դպրոցական և բուհական-ակադեմիական նեղ մասնագետների համագործակցությունից կարող է << ծնվել>> անթերի փաստաթուղթ, որի հիման վրա էլ հետագայում կմշակվեն հանրակրթական առարկայական ծրագրերն ու դասագրքերը: Դպրոց-բուհ սահուն անցումը նաև այս մեխանիզմով պետք է գործի, ուր ուսուցիչն ու դասախոսը պետք լրացնեն ու փոխլրացնեն միմյանց գիտելիքի փոխանցման գործընթացում: Ցանկալի կլիներ, եթե հատկապես բուհական և ակադեմիական մասնագիտական համայնքի հետ քննարկումները տեղի ունենային մինչ փաստաթղթերի հրապարակումը: Եռակողմ կառուցողական և առարկայական քննարկումների արդյունքներն իրենց երկար սպասեցնել չէին տա: Թեմաների ընտրությունն ու բովանդակային հարցերը ՝ կապված սովորողի արժեհամակարգի, առարկայի սպեցիֆիկայի, կրթության ռազմավարության և երկարատև պլանավորման տեսանկյունից պետք էր քննարկել բուհական համապատասխան ամբիոնների հետ, իսկ կրթության կազմակերպման, ուսուցման մեթոդաբանության, գործնական ու ինքնուրույն աշխատանքերի ընտրության հարցերում անփոխարինելի են հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչներն ու հոգեբանները: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, նախորդ ամիսների կատարված աշխատանքի ոչ արդյունավետ կազմակերպման արձագանքն է: Ակնհայտ է, որ պետք է քննարկվեին չափորոշիչները, ուստի դրանք նախապես կարելի է քննարկել շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ, իսկ այս ժամանակահատվածը օգտագործել միայն հանրությանն իրազեկելու, հայեցակարգի ու կրթության ռազմավարության կարևոր շոշտադրումները հանրային ու հրապարակային դարձնելու համար:
Այս պահին խոսել դասագրքերի լավ կամ վատ լինելու մասին քիչ անլուրջ է, քանի որ փաստաթուղթը կյանքի է կոչվելու 2022-2023 թթ.-ին, իսկ մինչ այդ հսկայական ժամանակ կա դրանցում տեղ գտած խնդրահարույց կամ քննադատության արժանի մոտեցումները փոխելու կամ վերափոխելու համար: Ժամանակը պետք է ռացիոնալ օգտագործել:
Դպրոցը մերն է, ուստի այն լավը դարձնելու համար պետք է մեկտեղվեն բոլոր ջանքերն ու ներուժը: Հանրակրթությունը միակ ՊԱՐՏԱԴԻՐ կրթությունն է ՀՀ-ում: Մենք կարող ենք երեխային չտանել մանկապարտեզ: Կարող ենք նրան չտալ բարձրագույն կրթություն: Բայց հանրակրթության համար նախատեսված 12 ամյա կրթությունը մեզանում շարունակում է մնալ պարտադիր: Ուստի այդ տասներկու տարիներին պարտավոր ենք ապահովել՝
Որակյալ , անվճար և մատչելի կրթություն բոլորի համար
Կրթության համար նպաստավոր և առողջ միջավայր
Կոմպետենտ ու որակյալ մասնագետներ
Միջառարկայական կապերով հարուստ ու մեկը մյուսին լրացնող ծրագրեր
Սովորողի տարիքային ու հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան, գունային գամմայով ու գծապատկերներով աչքին հաճելի դասագրքեր
Արժեհամակարգ և քաղաքացիական դիրքորոշում ձևավորող, սեփական ուժերի հանդեպ վստահություն ներշնչող, ազատ մտածող և քննադատական մտածողությանը նպաստող, տեսական գիտելիքի-հմտության համադրմանը նպաստող հանրակրթություն:
Սովորողը պետք սովորի սովորել: Նրան պետք է հաճելի դառնա սովորելու գործընթացը: Դպրոցը չպետք է դիտարկել որպես մի վայր, որտեղ տրվում է միակ ու եզակի հնարավորություն միանգամից ամեն ինչ սովորելու համար. այն իրականացնում է հանրակրթություն: Սա է եղել ընկած նախկինում գրված ծրագրերի հիմքում:
Այսօր ունենք գործող դասագրքեր, որոնցից օգտվում են բուհերում սովորող 2-րդ և 3-րդ կուրսեցիներն իրենց կուրսային աշխատանքները գրելու համար: Եվ սովորողը պարզապես վախենում է դասագրքից, քանի որ տանը դրա հետ նա մնում է մեն-մենակ: Դասագրքերը չպետք է գրվեն այն ներքին վստահությամբ, որ այն հավասարապես վերաբերվի նաև սովորողի ծնողին: Հասունացել է ծրագրերը բեռնաթափելու և կրթության ռեֆորմի ժամանակը:
Կրթության ոլորտը եզակի է. այն մի կողմից անընդհատ պետք է առաջ գնա, մյուս կողմից էլ <<սիրում է>> կոնսերվատիզմ: Պետք է գտնել դեղատոմս:
Դպրոցի և դրան առնչվող բոլոր թեմաների մասին կարելի է խոսել անվերջ: Բայց մի բան անվիճելի է: Հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտը պետք է լինի հասարակության լիիրավ անդամ, իմանա և հարգի սեփական ժողովրդի պատմությունն ու մշակույթը, դիտարկի և արժևորի դրանք համաշխարհային պատմության համատեքստում, հարգի համամարդկային արժեքներն ու իդեալները և դառնա դրանց կրողը, ունենա հստակ մասնագիտական կողմնորոշում, ծանոթ լինի իր իրավունքներին և պարտավորություններին, իրեն համարի համայնքի, քաղաքի, մարզի, պետության մի մասնիկը՝ քաղաքացին: Անկեղծ լինենք և փաստենք, որ այս առումով դեռ կան խնդիրներ: Դպրոցը նաև դարբնոց է, որը կրթության միջոցով պետք է ձևավորի քաղաքացիական հասարակություն:
Անկեղծ լինենք և փաստենք, որ այս առումով դեռ կան խնդիրներ:
Հ:Գ: Շարունակենք ուսումնասիրել առարկայական չափորոշիչներն ու մեր առաջարկներն ու դիտողությունները ուղարկել աշխատանքային խմբերին:
Դպրոցը մերն է և մեր երեխաներինը: Ինչպես առիթ եմ ունեցել մեկ անգամ նշելու՝ այս աշխարհը մենք նվեր չենք ստացել մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից:
Միասին ստեղծենք մեր երազանքի դպրոցը:
5151
2 մեկնաբանություն
1 կիսում
Կարծիքներ