ՍԱՏՄ տեսուչները Կենտրոնի 37 սուպերմարկետում խախտում են արձանագրել. ստուգայցերը կշարունակվեն այսօր

ՍԱՏՄ տեսուչները Կենտրոնի 37 սուպերմարկետում խախտում են արձանագրել. ստուգայցերը կշարունակվեն այսօր

Կորոնավարակի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները հոկտեմբերի 19-ի երեկոյան լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի խոշոր խանութներում:

«37 սուպերմարկետներում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում են ՍԱՏՄ-ից:

Նշվում է, որ ՍԱՏՄ երեկոյան ստուգայցերը կշարունակվեն այսօր:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում