Դպրոցներում բարելավել դասապրոցեսը. աշակերտները ԿԳՄՍՆ-ին ներկայացրել են առաջարկներ

Դպրոցներում բարելավել դասապրոցեսը. աշակերտները ԿԳՄՍՆ-ին ներկայացրել են առաջարկներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի առցանց նիստում քննարկվել են դպրոցների միջև համագործակցային կապերի խթանմանը վերաբերող հարցեր: Օրակարգը ձևավորվել էր խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակով հարցեր և առաջարկներ էին ներկայացրել խորհրդի անդամներից Մարինե Վարդանյանը, Անահիտ Մինասյանը, Գեղամ Հայրապետյանը, Վալերի Մուշեղյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտուհի Իլոնա Սահակյանն էլ առաջարկել է կրթական հեղափոխության իր նախագիծը:

Առաջարկներից մեկը վերաբերել է դպրոցում դասաժամերն ավելի հետաքրքիր անցկացնելուն, աշակերտների շրջանում հետաքրքրասիրություն առաջացնելուն, օրինակ՝ օրվա թեմային առնչվող խաղերի կազմակերպմանը, դասերը դասարանից դուրս շրջագայությամբ կազմակերպելուն և այլն: Առաջարկ է եղել մշակել դպրոցների միջև համագործակցային կապերի խթանմանը միտված նոր մոդելներ:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաև կրեդիտային համակարգի փորձնական ծրագիրը քննարկելու հարցը` հասկանալու համար փորձնական նպատակով մշակվող համակարգի առավելությունները, հնարավոր ռիսկերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ից փորձարկվող Հանրակրթության նոր չափորոշչին, մասնավորապես գնահատման նոր համակարգին, ըստ որի՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: Փոխարենը տարրական դպրոցում ներդրվում է բնութագրային գնահատում: Խորհրդի անդամները բարձրացրել են աշակերտական խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը` այդ համատեքստում անդրադառնալով նաև խորհրդի ձևավորման սկզբունքներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է սահմանել աշխատանքի ձևաչափ. «Առաջարկում եմ ունենալ աշակերտական խորհրդի ծրագիր, որտեղ հստակ կնշենք որոշակի աշխատանքներ, դրանց իրականացման ժամկետներ և այլն: Օրինակ՝ դուք կարող եք իրազեկման աշխատանքներ կատարել` դրանցում ներգրավելով մյուս աշակերտներին ևս: Որպես նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ՝ դուք ավելի տեղեկացված եք կրթական պետական քաղաքականության մասին և կարող եք այն ներկայացնել նաև մյուս աշակերտներին` նրանց ևս համախմբելով կոնկրետ ծրագրերի կամ գաղափարների շուրջ: Մեկ այլ դեպքում, եթե դուք առաջարկում եք քննարկման թեմաներ, միգուցե մենք նախապես պետք է այդ քննարկմանը հրավիրենք նաև ուսուցիչների, որովհետև երբ դուք խոսում եք դասավանդման ձևերի մասին, ապա այս կամ այն առարկան դասավանդող ուսուցիչը ևս պետք է իր մասնագիտական կարծիքը ներկայացնի, որպեսզի քննարկումն առարկայական և արդյունավետ լինի»:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է պայմանավորվել աշխատանքի ձևաչափի մասին` ընդգծելով, որ կազմակերպչական հարցերում նախարարությունը կաջակցի աշակերտական խորհրդի անդամներին:

Առաջիկայում տեղի կունենա աշակերտական խորհրդի կազմի փոփոխություն, քանի որ որոշ անդամներ արդեն ավարտել են դպրոցը, և խորհրդի կազմն ունի համալրման անհրաժեշտություն:

Հավելենք, որ աշակերտական խորհրդում ներգրավված է ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում