Արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները. Արտակ Բեգլարյան

Արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Նա ընդգծել է, որ այսօր արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն մայրերին ու քույրերին, դուստրերին ու կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում: Նրանց արիությունն ու կամքը այսօր մեզ ուղեկցում է մեր բոլոր ձեռնարկումներում՝ հանուն մեր Հայրենիքի վերքերի ապաքինման ու հետագա զորացման:

Մայրության ու գեղեցկության աստվածատուր պարգևը բարօրություն ու երջանկություն է սփռում, մեր ընտանիքներում ամրացնում հարգանքի, փոխըմբռնման ու սիրո արժեքային համակարգը:

Շնորհավորում եմ նորից ու բարեմաղթում կորով, արևշատություն և երջանկություն մեր ընտանիքներում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում