Հայաստանի նորանշանակ պաշտպանության նախարարը կոշտ խնդիր է դնում զինուժի առաջ՝ թույլ չտալ հակառակորդի ոչ մի առաջխաղացում. Հակոբ Բադալյան

Հայաստանի նորանշանակ պաշտպանության նախարարը կոշտ խնդիր է դնում զինուժի առաջ՝ թույլ չտալ հակառակորդի ոչ մի առաջխաղացում. Հակոբ  Բադալյան

Երբ Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից եւ հավատարիմ լինել ստանձննած պարտավորություններին, ես այդ կոչը դիտարկում եմ Ռուսաստանին հասցեագրված:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման հանգամանքի հանրայնացման ֆոնին: Դրան զուգահեռ, Հայաստանի նորանշանակ պաշտպանության նախարարը կոշտ խնդիր է դնում զինուժի առաջ՝ թույլ չտալ հակառակորդի ոչ մի առաջխաղացում: Նույն օրը տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը Ալիեւի հետ, որի վերաբերյալ Ելիսեյան պալատը տարածում է տեղեկություն, որ Մակրոնն ու Ալիեւը պայմանավորվել են իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերի հարցում՝ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ:

Այդ ֆոնին, Արցախի նախագահը Հայաստանում հանդիպում է Իրանից վերադարձած վարչապետ Փաշինյանին, պաշտպանության նոր նախարարին, եւ ինչը հետաքրքիր է՝ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին:

Ու թերեւս չարժե ուշադրությունից դուրս թողնել առաջին հայացքից մեզ չառնչվող մի իրողություն: Ռուս-վրացական պատերազմի հերթական ամյակի առիթով ՄԱԿ ԱԽ երեք երկրների եւ մի քանի այլ եվրոպական երկրների կոչը Ռուսաստանին՝ չեղարկել Աբխազիայի եւ Օսիայի ճանաչումը: Նրանք անկասկած հասկանում են, որ Մոսկվան հենց միայն այդ կոչի համար չի չեղարկի ոչինչ: Բայց, առավել հետաքրքիր է դառնում, որ դրանով հանդերձ հնչում է այդ կոչը, որը չգիտեմ՝ նախկինում եղել է պատերազմի տարելիցների առիթով, թե ոչ: Իսկ մեր ռեգիոնում իրավիճակը սկզբունքային փոփոխությունը սկսել է այդ պատերազմով: Հիշենք, որ Սերժ Սարգսյանի հրավերը մոտ երկու ամիս լռության մատնող Գյուլը ռուս-վրացական պատերազմից հետո ընդունեց այն:

Այդպիսով, վերը բերված այս օրերի իրողությունների ժամանակագրության ֆոնին թուրքերը ռուսներին փաստորեն ասում են՝ մի խախտեք պայմանավորվածությունները, եւ մի պայմանավորվեք ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ:

Կրկնեմ միտքս, աշխարհաքաղաքականությունը բավականին բազմաշերտ երեւույթ է, Ռեալ, թե Բարսելոնա երկրպագելու բնույթով դրան վերաբերելը գուցե առերեւույթ հաճելի է, գրավիչ, բայց գործնականում՝ թե անարդյունավետ, թե անգամ վտանգավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում