Մադրիդյան հրապարակված փաստաթղթում բոլոր դրույթները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին,բոլորը բացի մեկից. Դավիթ Խաժակյան

Մադրիդյան հրապարակված փաստաթղթում բոլոր դրույթները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին,բոլորը բացի մեկից. Դավիթ Խաժակյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Երևանի ավագանու անդամ ԵԽ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մադրիդյան սկզբունքների մասին շատ է խոսվել՝ գովաբանվել և քննադատվել: Հայտնի է, որ այն բանակցվել է երկրորդ նախագահի կողմից և շարունակվել երրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում:
Մադրիդյան հրապարակված փաստաթղթում բոլոր դրույթները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Բոլորը ԲԱՑԻ մեկից: Այդ բացառիկ ձևակերպումը հետագայում նույնությամբ տեղ է գտել Կազանի փաստաթղթում:


Առաջարկում եմ մանրամասն ընթերցել այն.
«Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ՈւՂԻՂ և ԱՆԱՐԳԵԼ ցամաքային կապը Նախիջևանի հետ»:


Նոյեմբերի 9-ի հայտարարության չարաբաստիկ կետերից մեկը եկել է հենց այս ձևակերպումներից: Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին ասվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ տեղաշարժը» Ադրբեջանի և Նախիջևանի միջև:


Այսպիսով Ադրբեջանի կողմից ներդրված այս դրույթը վերջին 15 տարիների ընթացքում ձևափոխվել է «խրախուսումից» մինչև պարտադրանք և «անարգելից» մինչև «անխոչընդոտ»: Այս ձևափոխումներով հանդերձ սակայն, պահանջի էությունը չի փոխվել:
Այն, որ Փաշինյանը Նոյեմբերի 9-ին համաձայնել է այս ձևակերպմանը պատերազմի պարտության բերումով, ես դա հասկանում եմ: Ես չեմ հասկանում, թե Արցախյան հաղթական ազատամարտից հետո Քոչարյանն ու Սարգսյանը ի՞նչ հիմնավորմամբ էին համաձայնել ընդունել այս ձևակերպումը, որը վերաբերել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքին:


Առավել ևս ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Փաշինյանը անգամ այս իրավիճակում պնդում է, որ այդ ձևակերպումը միջանցքի մասին չէ (և դա իսկապե՛ս միջանցքի մասին չէ), իսկ այդ ձևակերպումը բանակցած երկու նախագահները բառ անգամ չեն ասել այդ մասին:
Ես հասկանում եմ, որ նախագահները իրենց ներքաղաքական խնդիրներն ունեն, բայց չէ՞ որ իրենց ընդունած ձևակերպումն է շահարկվում Ադրբեջանի կողմից որպես «Զանգեզուրի միջանցք»: Գտնում եմ, որ հանուն մեր արտաքին ճակատի ամրացման իրենք շատ հստակ պետք է հայտարարեն, որ այդ ձևակերպումը միջանցքի մասին չի եղել 2007-ից սկսած և հիմա էլ դրա մասին չէ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում