Ոչ մի բան PR-ի համար չենք անում. կարևորում ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները. Միրզոյան

Ոչ մի բան PR-ի համար չենք անում. կարևորում ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները. Միրզոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի ԱԳՆ-ն ինչ-որ բան ձեռնարկել է ՀՀ քաղաքացի բլոգեր Ռոզա Բաբախանյանի իրավունքների պաշտպանության համար, որը ձերբակալվել էր Բելառուսում:

«Ես չգիտեմ՝ ով ինչ դիմավորում է արել, ով ինչ ճանապարհում է արել կամ այլ միջոցառումներ, մենք ազատ երկիր ենք, բոլորն իրավունք ունեն այդպիսի բաներ անելու: Ես կարող եմ ձեզ փաստեր ասել. փետրվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն ՀՀ քաղաքացու վերաբերյալ: 3 օր անց ստացել է բելառուսական կողմի պատասխանը, որն ասում էր, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով, և ժամկետը լրանալուն պես բաց է թողնվելու: Ով է ջանք գործադրել բաց թողնելու համար, ով է ներկայացրել որպես իր ձեռքբերում՝ չգիտեմ, մեզ այդքան չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու. մնացածը ով ում ուզում է թող ծաղիկ նվիրի, մենք առարկություններ չունենք»,- ասաց ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է Բելառուսի հետ հարաբերությունների վատթարացմանը, Միրզոյանն ասաց.

«Հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես և հրապարակավ ընդունել են, որ Բելառուսն օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական, ԼՂ-ի դեմ հարձակման ընթացքում, և այդ մարդիկ ամենևին ՀՀ պաշտոնյաներ չեն, այդ մարդիկ Բելառուսի ներկայացուցիչներն են»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում