Վոլոդյա Գրիգորյանը՝ բարդ իրավիճակում. Փարաքարում նրա ընտրվելու շանսերը քիչ են

Վոլոդյա Գրիգորյանը՝ բարդ իրավիճակում. Փարաքարում նրա ընտրվելու շանսերը քիչ են

Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք, որ այս համայնքներում նախնական ընտրությունների՝ փրայմերիզի միջոցով նշանակվել են համայնքապետի պաշտոնակատարներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Նկատենք, որ դեռ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն երկու համայնքում էլ թեժ ընտրապայքար է սպասվում, քանի որ ամենատարբեր ուժեր են արդեն իսկ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել:

Հետաքրքրական է, որ Փարաքարում այս անգամ ևս համայնքապետի թեկնածուներ են առաջադրվել այն նույն անձինք, որոնք առաջադրվել էին համայնքի նախորդ ընտրություններում:

Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն նախկին համայնքապետ, այժմ համայնքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը հաղթել է փրայմերիզում:

Նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն առաջադրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունով: Հիշեցնենք, որ այս կուսակցությունով Երևանի ընտրություններում առաջադրվել էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հետագայում դուրս եկավ կուսակցությունից՝ ստեղծելով «Նոր ուժ» կուսակցությունը: Մարությանը, սակայն, «Ազգային առաջընթաց» խմբակցության կազմում ավագանու անդամներ ունի Երևանի քաղաքապետարանում:

Փարաքարի ընտրություններում առաջադրվել է նաև համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանը ևս չի հրաժարվել Փարաքարի համայնքապետ դառնալու մտադրությունից: Այս անգամ, սակայն, նա Փարաքարի ղեկավարի աթոռին ուզում է հասնել «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների միջոցով: Այս մասին հայտնի է դառնում «Ապրելու երկիր» կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարությունից:

Հայտարարության մեջ Գրիգորյանը պնդել է, թե երեք տարվա ընթացքում առավելագույնս եղել են Փարաքար համայնքի բնակիչների կողքին:

Գրիգորյանի այս հայտարարության ֆոնին հիշատակման է արժանի այն, որ հունվարին՝ Փարաքար համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2025 թվականի Բյուջեի հաստատման վերաբերյալ հրավիրած նիստը չէր կայացել, քանի որի Վալոդյա Գրիգորյանի գլխավորած «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները, ինչպես նաև Թաիրով վարչական շրջանը ներկայացնող ավագանու անդամներ Էմին Երիցյանն ու Ռուբիկ Աղեկյանը չէին ներկայացել նիստին՝ բոյկոտելով համայնքի կարևոր ծրագրերը։

«Քաղաքացիական պայմանագրից» հայտնել էին, որ նիստում նախատեսված էր հաստատել համայնքի երբևէ ունեցած ամենամեծ՝ 1 միլիարդ 772 միլիոն դրամի զարգացման բյուջեն, որի չընդունումը կանգնեցրել է բազմաթիվ ծրագրեր:

Հետաքրքրական է, որ Գրիգորյանն այս անգամ Փարաքարի ընտրություններին գնում է ոչ միայն «Ապրելու երկիր» կուսակցությամբ: Չի բացառվում, որ նա հասկացել է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի ցածր վարկանիշ, և երկու կուսակցությամբ ընտրության գնալը կարող է որոշակի շանսերը մեծացնել, սակայն՝ դժվար թե: Չի բացառվում նաև, որ այսկերպ Գրիգորյանը հարմար պահի հրաժարվի «Ապրելու երկրից» և տեղավորվի «Հաղթանակ» կուսակցությունում:

Միևնույն ժամանակ նկատենք, որ, ըստ տեղի բնակիչների, Վոլոդիա Գրիգորյանի՝ Փարաքարում համայնքապետ դառնալու շանսերը նախորդ ընտրությունների համեմատ էական նվազել են՝ հաշվի առնելով այն, որ նրա եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, եղել էր Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ հարձակում իրականացրածների մեջ և մասնակցություն էր ունեցել միջադեպին, որի ժամանակ մեկ հոգի զոհվել էր, մեկ հոգի՝ վիրավորվել: Պայքար Գրիգորյանն այս գործով երկու ամսով կալանավորվել է: Նույն գործով անցնող մյուս կալանավորվածները ևս սերտ մտերմություն ունեն Գրիգորյանների հետ:

Հիշեցնենք նաև, որ Վոլոդիա Գրիգորյանի հայրը՝ Լևոն Գրիգորյանը, երկար տարիներ զբաղեցրել է Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը, որը մտերմություն է ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայս»-ի հետ:

Լևոն Գրիգորյանը, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, մեղադրվում է 2007-2008 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատված՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց բովանդակությամբ կեղծ քաղվածքներ տրամադրելու համար՝ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր: Այս կերպ համայնքին պատճառվել է 8 միլիոն 613 հազար ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ: Գործը դատարանում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում