Կսահմանվի արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը

Կսահմանվի արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» նախագիծը։

Նախագծով նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), փորձարկումների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։

Սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով նախատեսվում է այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից՝ աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։

Նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։

«Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։

Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ սպառնում են պտղի բնականոն զարգացմանը։ Սնդիկով պայմանավորված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում