Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։
ՀՀ Շիրակի մարզի Լանջանիկ գյուղի բնակիչ Մ.Պ-ն նույն գյուղի հարակից դաշտից որսացել և համացանցի միջոցով փորձել էր կազմակերպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Խայտաքիս» տեսակի կենդանու վաճառքը, որը կանխվել է։
Օպերատիվ աշխատանքների արդյունքում կենդանին հայտնաբերվել, առգրավվել և տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։
«Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ում հետազոտությունն ու կարանտինը բարեհաջող անցնելուց հետո կարմիրգրքյան խայտաքիսը բաց կթողնվի վայրի բնություն:
Հարուցվել է վարչական վարույթ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Կարծիքներ