Դեկտեմբերին հրաժարվեցիք գալ ԱԺ, մտածում էիք՝ քաղաքական իրավիճակ է փոխվելու. Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին
Արդյոք դատական համակարգում եղել են դատավորներ, որոնք լուռ համաձայն չեն եղել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարության հետ: Մենք մի ծպտուն չենք լսել՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը:
«Վարդազարյանն էստեղ ասում է, որ հեղափոխությունից հետո ոչ մի ճնշում չկա դատական իշխանության նկատմամբ: Նույն հայտարարության մեջ նաև ասում է՝ այսօր թերևս տրվելու է 2 տարի ողջ հանրությանն ալեկոծած հարցի պատասխանը»,- նշեց Բաբաջանյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը դեռևս դեկտեմբերին պետք է կայանար, սակայն թեկնածու Արսեն Մկրտչյանը հրաժարվել էր գալ այս ԱԺ:
«Որովհետև ուրիշ սպասումներ ունեիք, մտածում էիք՝ քաղաքական իրավիճակ է փոխվելու, գուցեև այլ իրավիճակում կգաք ու ԱԺ-ն այլ ընտրություն կիրականացնի»,- դիմելով Մկրտչյանին՝ նշեց Բաբաջանյանը:
Նա նկատեց, որ երեկվանից ԲԴԽ նախագահի պաշտպանությանն են լծվել նախկին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները:
«Ինձ համար շատ սպասելի էր, բա ի՞նչ էիք ուզում: Այդ մարդու բոլոր ընկերները Բաղրամյան պողոտայում են»,- նշեց Բաբաջանյանը:
Պատգամավորը կարծում է՝ առանց դատական համակարգը առողջացնելու գնալ արտահերթ ընտրությունների մեծ արկածախնդրություն կլինի, որովհետև «այդ դեպքում վարդազարյանների և նրա նմանների ներկայությունը դատական համակարգում ուղղակի սպառնալիք է մեր երկրին, մեր երկրի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանն ու պետականությանը»:
Կարծիքներ