Ֆինանսական հենարանը հնարավորություն կտա անխափան իրականացնել միջոցառումները. Ֆինանսների փոխնախարար

Ֆինանսական հենարանը հնարավորություն կտա անխափան իրականացնել միջոցառումները. Ֆինանսների փոխնախարար

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 24-ին, կրկին արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում ընդգրկված է 12 հարց:  ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը  ներկայացրել է  Հայաստանի Հանրապետության  եւ   Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ  հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ  լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Արմեն Հայրապետյանը նշել է նաեւ, որ 315 միլիոն դոլարի մասին է խոսքը, 280 միլիոն դոլար տնօրենների խորհուրդն արդեն հաստատել է, իսկ 35 միլիոնը՝ սեպտեմբերին նախատեսված հնարավորություն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց փոխնախարարից,  արդյո՞ք այդ վարկի շրջանակում նախատեսվում է իրենց աշխատանքը կորցրած, արտագնա աշխատանքի չմեկնողներին ինչ-որ ձեւով ֆինանսական ուղղակի աջակցություն ցուցաբերել:
Փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ այս վարկային միջոցի ներգրավումը հնարավորություն է տալիս կառավարության ներկայացրած եւ  ԱԺ հաստատած պետական բյուջեի փոփոխությունները: «Սա ուղղակի այն ֆինանսական հենարանն է, որը հնարավորություն կտա անխափան իրականացնել ֆինանսական միջոցառումները»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը խնդրեց ավելի հասկանալի  ներկայացնել, թե արդյո՞ք խոր, ծանր սոցիալական վիճակի մեջ գտնվողներին եւ  կոմունալների վճարների  հարցում աջակցություն լինելու է քաղաքացիներին,  փոխնախարարն արձագանքեց.«Քաղաքացիների համար հասկանալի լեզվով ասեմ, որ այս միջոցների ներգրավումը հնարավորություն կտա երկրում ունենալ կայուն ֆինանսական իրավիճակ, բոլոր հաստատված ծրագրերի համար»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում