Մյասնիկյան բնակավայրում կկառուցվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն
Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան երեխայի և ընտանիքի կենտրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, մարզի շահառու համայնքների բնակիչներ, ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Գարո Արմենը, հիմնադրամի հոգաբարձու, ԵԸ կենտրոնի գլխավոր նվիրատու Ջեք Յուրեջյանը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով, մասնավորապես, երեխաների և երիտասարդների կարիքների վրա: Արմավիրում Սմարթ կենտրոնի կառուցման, ինչպես նաև Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի հիմնադրմամբ կստեղծվեն կրթական հավասար հնարավորություններ մարզի բնակիչների համար։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և դասավանդման նորարարական մեթոդաբանությունը՝ ՍՄԱՐԹ կենտրոնը երեխաներին և երիտասարդներին ոչ ֆորմալ անվճար կրթության հնարավորություններ կառաջարկի: Յուրեջյանի անվան երեխայի և ընտանիքի կենտրոնը տարբեր տարիքային խմբերի երեխաներին կմատուցի զարգացման, հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատանքի համապարփակ ծառայություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «ՔՈԱՖ» հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար՝ ՀՀ և սփյուռքի հարաբերություններում ընդգծելով կրթության և գիտելիքի կարևորությունը, որին միտված է նաև նորաբաց Սմարթ կենտրոնի գործուեությունը։
90 հա ընդհանուր մակերեսով հողատարածքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ-ի կառույցներին բնորոշ յուրահատուկ ճարտարապետական ոճով և միջազգային չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ կառույցներ, որոնք սպասարկելու են մարզի ավելի քան 31 համայնքների:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) համագործակցությամբ ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են ոչ ֆորմալ կրթության արդյունավետ ծրագրեր։ ԿԳՄՍ նախարարության և ՔՈԱՖ-ի բարերաների աջակցությամբ այս տարվա ապրիլին մեկնարկել են ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրում կառուցվելիք հանրակրթական դպրոցի շինարարական աշխատանքները:
Կարծիքներ