Արամ Ա-ն Վատիկանի եպիսկոպոսի հետ քննարկել է նաև Արցախում առկա իրավիճակը

Արամ Ա-ն Վատիկանի եպիսկոպոսի հետ քննարկել է նաև Արցախում առկա իրավիճակը

Սուրբ Աստվածածին վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է պապական եպիսկոպոս Պաուլո Պորչիային։ Այս մասին հայտնել է կաթողիկոսարանը։

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի նախագահական ընտրությունները, Մեծի Տանն Կիլիկիոյի և Վատիկանի հարաբերությունները, միջեկեղեցական այլ հարցեր։

«Վեհափառ Հայրապետը հատուկ կերպով պապական նվիրակի ուշադրությանը ներկայացրեց ավելի քան 8 ամիս Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի ներկա վիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արամ Ա. Կաթողիկոս հիշեցրել է, որ «հայ եկեղեցին ու հայ ազգը միշտ երախտապարտ են եղել Հայաստանի ու Արցախի հարցով Նորին Սրբություն Ֆրանսիս Պապին և ընդհանրապես Վատիկանի զորակցական դիրքորոշումներին և հայտարարությունների համար»։

«Գիտենք, որ Պապը Արցախի շրջափակման առիթով իր մտահոգությունը հայտնել էր ու շեշտել՝ հնարավոր ջանքերով այն վերջ տալու անհետաձգելի հրամայականը»,- ասել է նա։

Շարունակելով իր խոսքը՝ Հայրապետն ասել է. «Մեր ազգի ջերմ սպասումն է, որ Արցախի նկատմամբ Վատիկանը շարունակի զանազան կերպերով իր զորակցությունը արտահայտել, հատկապես միջազգային շրջանակներում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում