Մենք շատ հարցեր ունենք նրան. Սուրեն Պետրոսյանը թողել է շարժումը, գնացել երկրից. Գալաստանյանի վրայից «թռնո՞ւմ են»
Հոգևորականի կարգավիճակը ժամանակավոր սառեցրած և վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Վազգեն Գալաստանյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը։
Արձագանքելով հարցին՝ Գալստանյանն ասաց, որ Պետրոսյանին վերջին անգամ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, որի ժամանակ նա տեղեկացրել է՝ մի քանի օրով պետք է մեկնի երկրից:
«Վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել, որոշենք՝ այս ճանապարհը միասի՞ն ենք անցնում, թե՞ ոչ»,- նշեց ընդդիմության վարչապետի թեկնածուն:
Հարցին՝ եթե Պետրոսյանին առևանգել են, ապա ի՞նչ են պահանջել, որովհետև այդ խորհրդավոր լուրերի մեջ «լոգիկա» չկա, Գալստանյանը սկզբում փորձեց խուսափել պատասխանել՝ ասելով, թե հարցերի տարափ է սկսվում, ապա նշեց․ «Այս պահին ասացի այն, ինչ կա․ իրեն ուզեցել են, ըստ իր ներկայացման, դուրս պահել հունիսի 12-ին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից, 12-ի առավոտյան տարբեր մարդկանց են հեռաձայնել, հրավիրել են հատուկ տեղեր, նաև՝ Սուրեն Պետրոսյանին։ Ըստ իր պատմելու՝ ինքը չի գնացել, բայց երեկոյան ժամը 6-ի մոտերը իրենք են մոտեցել, սև մեքենայով երկու հոգի և մի քանի հոգի էլ այլ կողմերից իրեն նստեցրել են մեքենան և, իր պատմելով, տարել են Հրազդան՝ ինչ-որ առանձին տեղ»։
Կարծիքներ