Լեհաստանի նախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը

Լեհաստանի նախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո Լեհաստանը մտադիր է իրագործել բոլոր ստանձնած պարտավորություններն, այդ թվում՝ ջանքեր գործադրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և պատասխանելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն աջակցելու Վարշավայի հնարավորություններին։

Անջեյ Դուդան նշեց, որ 2025 թվականից Լեհաստանը կստանձնի Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, որի ընթացքում Վարշավայի գերակա խնդիրն է լինելու ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են այդ գործընթացին։ 

«Եթե խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ-ի մարմինների կողմից, և այդտեղ նույնպես Լեհաստանը որոշումներ կայացնելու հնարավորություն է ունենալու», - ասաց Անջեյ Դուդան։ 

Լեհաստանի նախագահը նաև հավելեց, որ Վարշավան ջանքեր կգործադրի՝ կատարելու և իրականացնելու այն ամենն, ինչի վերաբերյալ պարտավորություն կստանձնի։ 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 19-ին հայտարարել էին Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում