Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր պաշտոնակցի հետ Լվովում տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուն հայտնել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սև բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»:

Այս մասին Չավուշօղլուն ասել է՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության, որտեղ նա նշել էր, որ հիանում է, թե ինչպես է Թուրքիան կարողացել Ալժիրում մոռացության տալ այդ երկրում իր ունեցած դերակատարումը՝ ակնարկելով, որ ավելի վաղ շրջանում Ալժիրը եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան դրական է գնահատում Ֆրանսիայի քայլերը, որոնք ուղղված են սեփական «գաղութատիրական» անցյալի հետ առերեսվելուն: Միաժամանակ նա Մակրոնի խոսքերը և այդ թեմայի մեջ Թուրքիային ներքաշելու փորձերը համարել է մեծ սխալ։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի հետ պետք է ոչ թե մամուլի միջոցով, այլ ուղիղ խոսել: Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Մակրոնի այդօրինակ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով, փոխանցում է Ermenihaber-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում