Դանիել Դանիելյանը շնորհավորել է Գեղունի Չթչյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի բնակարան և շնորհավորել սիրված կոմպոզիտորին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:
Դանիել Դանիելյանը Գեղունի Չթչյանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը՝ հայ երաժշտարվեստի ոլորտում և սերունդների կրթման ու գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ծննդյան 95-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Նախարարի տեղակալը կարևորել է Գեղունի Չթչյանի անցած ուղին, գործունեությունը, երաժշտարվեստի ոլորտում նրա դերակատարումն ու ավանդը՝ սիրված կոմպոզիտորին մաղթելով քաջառողջություն և արևշատություն:
«Ձեր ստեղծագործական և մանկավարժական գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության, կրթման ու զարգացման գործում: Վստահ եմ, որ շատ աղջիկներ ու կանայք, ոգևորված Ձեր օրինակով, իրենց քայլերն են արել և դեռ կանեն կոմպոզիտորական արվեստում` զարգացնելով և հարստացնելով երաժշտաոլորտը, ունկնդրին պարգևելով նոր ստեղծագործություններ»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Կոմպոզիտորին շնորհավորելու էին եկել նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և միության անդամներ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Գեղունի Չթչյանին հանձնել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության պատվավոր անդամի հավաստագիր, ինչպես նաև կոմպոզիտորի հեղինակած ռոմանսների և երգերի /Հովհաննես Շիրազի խոսքերով/ նորատիպ ժողովածուն:
Գեղունի Չթչյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ այս այցելությունն իրեն մեծ ուրախություն է պարգևել: Նա հյուրերի հետ կիսվել է իր ստեղծագործական և մանկավարժական գործունեության տարիների հիշողություններով ու հավելել, որ նմանօրինակ զրույցներն իրեն ջերմացնում և դրական լիցքեր են հաղորդում:
Կարծիքներ