«Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրն ընդլայնվում է
Եվրասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պաշտոնապես մեկնարկել են «Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը Երևանում և Լոռիում՝ այդպիսով տոնելով Դպրոցական կաթի համաշխարհային օրը:
Հիմնվելով 2023 թվականին Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցներում իրականացված փորձնական փուլի հաջողությունների վրա՝ «Կաթ դպրոցներին» փորձնական նախագիծն այժմ նախատեսվում է ընդլայնել։ Այս տարվանից սկսած՝ Լոռու մարզի և Երևանի դպրոցների աշակերտներն օրական մեկ բաժակ կաթ կստանան։ Սկզբնական փուլը կընդգրկի 9 դպրոց՝ ներառելով 5-9-րդ դասարանների շուրջ 1350 աշակերտի: Նախքան ծրագրի մեկնարկը գործընկերները գնահատել են դպրոցների խոհանոցային ենթակառուցվածքներն ու հնարավորությունները՝ հասկանալու համար, թե ինչքանով են դրանք համապատասխանում ծրագրի պահանջներին ու սահուն մեկնարկին: ՊՀԾ-ն նաև մշակում է գնահատման գործիքներ և վարքագծի փոփոխության նախաձեռնություններ՝ երեխաների մոտ առողջ սնվելու սովորույթները խթանելու համար:
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, ԵԶԲ-ի հայաստանյան տնօրեն Արմեն Մելքիկյանը և «Երեմյան Փրոջեքթս Գրուպ»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ուրախությամբ փաստել է, որ մարզ առ մարզ ներդնելով «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ հանրապետության բոլոր մարզերի, բացառությամբ Երևանի, տարրական դպրոցների երեխաները հնարավորություն ունեն ստանալու տաք սնունդ: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս ինչպես դպրոցներում երեխաների սնվելու հնարավորության ապահովմանը, այնպես էլ առողջ ապրելակերպի և առողջ սնվելու հմտությունների ձևավորմանը: Այս գործընթացում մեր բոլոր գործընկերները մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել թե՛ ծրագրի ներդրման, թե՛ իրականացման և թե՛ հետագա զարգացման գործում։ Մեր առջև մի նոր մարտահրավեր է «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրումը նաև Երևանի դպրոցներում, ինչը նախատեսում ենք իրականացնել առաջիկա տարիներին։ Անցյալ տարի մեր գործընկերների աջակցությամբ Վայոց ձորի մարզում իրականացրեցինք ծրագիր, որտեղ բավականին լավ արդյունքներ գրանցվեցին։ Երեխաների՝ կաթ չխմողների ու կաթ չսիրողների հարաբերությունը զգալիորեն նվազեց ծրագրի մեկնարկի համեմատ, ինչը շատ կարևոր է»,-նշել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ այս ծրագրի շրջանակում ընդգրկված դպրոցները նույնպես կգրանցեն նմանատիպ արդյունքներ:
«Մենք կարող ենք դպրոց առ դպրոց, մարզ առ մարզ փոփոխություն բերել՝ հնարավորություն տալով երեխաներին դպրոցում առողջ սնվելու և սովորեցնելով նրանց, թե որքան կարևոր է առողջ սնունդը։ Սա եզակի ծրագրերից է, որտեղ համատեղվում են մի քանի կողմերի ջանքերը՝ միջազգային կառույցներ, տեղական կազմակերպություններ, մասնավոր սեկտոր և պետական կառույցներ»,-ընդգծել է Արաքսիա Սվաջյանը՝ վստահություն հայտնելով, որ ծրագիրը կարևոր արդյունքներ է գրանցելու:
«Պարենի համաշխարհային ծրագիրը միշտ առաջնահերթություն է համարել երեխաների ճիշտ սնուցումը, առողջությունը և բարեկեցությանը՝ գիտակցելով դրանց կարևոր դերը երեխաների՝ դպրոցում սովորելու և հաջողության հասնելու հնարավորության հարցում։ «Կաթ դպրոցներին» նախաձեռնության միջոցով մենք լուծում ենք աշակերտների հավասարակշռված սննդակարգի ապահովման հարցը», - ասաց ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն:
«Հուսով ենք, որ ծրագիրը դրական ազդեցություն կունենա, և երեխաները կընտրեն կաթը՝ գազավորված և քաղցրացրած ըմպելիքների փոխարեն», իր հերթին ընդգծել է ԵԱԶԲ-ի Հայաստանի տնօրեն Արմեն Մելկիկյանը:
««Կաթ դպրոցներին» նախագիծը կարևոր համագործակցություն է Հայաստանում առողջ սնուցման և վարքագծային փոփոխությունների խթանման գործում: Անցած տարի ՄԱԿ ՊՀԾ-ի հետ երկու դպրոցում իրականացված փորձնական նախագծի տպավորիչ արդյունքները վկայում են մեր համատեղ հաջողության և կաթի սպառման նոր մշակույթի ձևավորման մասին»,- ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության փոխտնօրեն Լուսինե Երեմյանը։
Միջոցառման ընթացքում անցկացվել է պանելային քննարկում նախարարությունների, ՄԱԿ ՊՀԾ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԵԱԶԲ-ի և «Երեմյան Փրոջեքթս» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են դպրոցականների համար կաթի սպառման կարևորությունը, կաթի սպառման խթանման ռազմավարությունները և առողջ սննդային սովորությունների խթանման ընթացիկ ծրագրերը։ ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, մասնավորապես, ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ նշելով, որ հետևելու են «Կաթ դպրոցներին» նախաձեռնությանը՝ հասկանալու, թե ինչպես է հնարավոր ծրագիրը հետագայում ընդլայնել, օրինակ՝ դարձնել «Դպրոցական սնունդ» ծրագրի որևէ բաղադրիչ։ «Նախաձեռնությունն այնպես է կառուցված, որ ոչ միայն կաթ է տրամադրում դպրոցներին, այլ նաև ունի կրթական տարբեր միջոցառումների բաղադրիչ, որի արդյունքում երեխաները ոչ միայն կխմեն որակյալ կաթ, այլև կկարողանան հասկանալ դրա կարևորությունը և բացատրել այն ուրիշներին»,-նշել է նա՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրման գործում շնորհակալություն հայտնելով ոչ միայն գործընկեր կառույցներին, այլ նաև ծրագրի բոլոր շահառուներին՝ ծնողներին, քաղաքապետարանի, մարզպետարանների ներկայացուցիչներինլ
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Կաթը՝ սեր, ուժ և առողջություն» խորագրով լուսանկարների ցուցադրություն։ Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, դպրոցների ներկայացուցիչներ, աշակերտներ, ծնողներ և սննդաբաններ։
Կարծիքներ