ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

 

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են 2025 թվականին ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումները, ակտիվ դինամիկան, ինչպես նաև մտքեր են փոխանակվել 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերի և անելիքների շուրջ։

 

«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ՀՀ տեսլականը, ընկալումներն ու առաջարկությունները։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից ժողովրդավարական զարգացման ճանապարհին Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունն, ինչպես նաև, ի թիվս այլ ուղղությունների, կարևորել է մարդկանց միջև շփումները խթանելուն մեծապես նպաստող՝ վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցվող առաջընթացը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

 

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հետաքրքրող այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում