Նյու Յորքում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, ադրբեջանցի նախարարը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ համատեղ նախագծեր իրականացնել Կասպից ծովի տարածաշրջանում, ինչպես նաև զարգացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ:
Իրանի ԱԳ նախարարն, իր հերթին, կարևորել է երկու երկրի միջև հարաբերությունները և հույս հայտնել, որ նախկինում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կկոչվեն:
Ամիր Աբդոլահիանն ընդգծել է, որ Իրանի նոր կառավարությունը հատուկ առաջնահերթություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններին:
Իրանցի նախարարը նկատել է, որ կարևոր նախագծեր են ձեռնարկվել տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ էլեկտրականության, գազի, ամբարտակի կառուցման, առևտրի, տարանցիկ ուղու, այդ թվում՝ Աստարայի երկաթուղու և հանրային ու մասնավոր հատվաներում համագործակցության ասպարեզում:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված հետպատերազմական իրավիճակը:
Կարծիքներ