9 միլիոն դրամով տուգանվել է արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող «Արմա Լեդեր» ընկերությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ նկատմամբ ստուգումներ են արվել «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությունում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
ՍՊԸ-ն շահագործել է 5 ամբարձիչ սարքավորում (տելֆեր), կաթսայատուն, 1 կոմպրեսորային կայան և 2 բեռնատար վերելակ։
Ընկերությունը ստուգման ժամանակ չի ներկայացրել արտադրական վտանգավոր օբյեկտների, մասնավորապես՝ կոմպրեսորի, 5 տելֆերների, կաթսայատան և 2 բեռնատար վերելակների՝ ռեեստրում գրանցման վկայականները և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները։
Վերջիններս համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) և որպես այդպիսին ենթակա են ռեեստրում գրանցման: Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին հիմք ընդունելով վերոնշյալ խախտումները և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության և տուգանել՝ 9 արտադրական վտանգավոր օբյեկտներ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ յուրաքանչյուր օբյեկտի համար 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ընդհանուր՝ 9.000.000 (ինը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։
Կարծիքներ