Շիրակի մարզպետն այսօր եղել է մի շարք համայնքներում

Շիրակի մարզպետն այսօր եղել է մի շարք համայնքներում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ  այսօր այցելել է Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ:

Հոռոմ համայնքում համայնքապետարանի պատասխանատուների և ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջիկա անելիքներին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր։ Հոռոմում վերանորոգվում է Սբ Հռիփսիմե եկեղեցին, Շիրակի մարզպետարանը դեռ 2017-ին պատվիրել է եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ «Շինարար 97» կազմակերպությունը 2018 թվականին իրականացրել է շուրջ 12 մլն դրամի աշխատանք, այս տարի դեռ աշխատանքներ չեն մեկնարկել։

Մեկնարկել են նաև համայնքի ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները։ 89 մլն 476 հազար դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» -ի կողմից, համայնքն իրականացնում է հինգ տոկոս համաֆինանսավորում։

Անցկացվելու է մոտ 3 կմ ոռոգման ցանց։  Freenews-ին  Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հաարակայնույան հետ կապերի բաժնից    տեղեկացրեցին, որ   մարզպետ Տիգրան Պետրոսյանն  այցելել է նաև Վարդաքար և Նոր Կյանք համայնքներ։ Մարզի ղեկավարը  կարևորել է համայնք-պետություն համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրերով հնարավոր կլինի քայլ առ քայլ լուծել տարիներ շարունակ կուտակված հիմնահարցերը։

Նոր Կյանքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց։ Ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն 53 հազար դրամ է, պետություն կհատկացնի գումարի 55%-ը, համայնքը՝ 45%-ը:  

Մարզպետն անմիջական  զրույց է ունեցել  համայնքների բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, հորդորել պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, անդրադարձել  նաև առաջիկա բերքահավաքին, ինչպես նաև պետության կողմից ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին և մարզի գյուղացիական տնտեսությունների այդ ծրագրից օգտվելու հնարավորություններին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում