Վրաստանում ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը

Վրաստանում ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Էկա Խերխեուլիձեն՝ երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Սաակաշվիլին շարունակում է կարծել, որ ընդդիմադիրները պետք է բոյկոտեն խորհրդարանի աշխատանքները։ Հաղորդում է aliq.ge-ն։

Նոյեմբերի 1-ին Սաակաշվիլին նամակ է հղել ընդդիմադիր պատգամավորներին՝ կոչ անելով լքել խորհրդարանը՝ հավելելով, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը՝ ընդդիմության «ձեռքից խլել է» ընտրություններում հաղթելու հնարավորությունը։

Խերխեուլիձեն խոսել է նաև սահմանադրական փոփոխություններից, մասնավորապես ընտրական շեմը 5 տոկոս իջեցնելու մասին։ Նա ընդգծել է, որ այս փոփոխությունները պետք է քննարկվեն 9-րդ գումարման խորհրդարանում։

Այս մասին խոսել է նաև պատգամավոր, «Բարեփոխումների խումբ» խմբակցության նախագահ Խաթունա Սամնիձեն, ով նշել է, որ ինքը կողմ չէ մանդատը թողնել սահմանադրական փոփոխությունների պատճառով և ընդդիմությունը պետք է շարունակի խորհրդարանական գործունեությունը։

Այս մասին նա ասել է, երբ խորհրդարանական խմբակցությունը՝ «Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» կուսակցությունը բոյկոտ է հայտարարել։

Սամնիձեի խոսքով, իրենց խմբակցությունը պահանջում է նաև, որ Միխեիլ Սաակաշվիլիին, ով արդեն մեկ ամիս հացադուլ է անում, տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։  Սակայն, նրա խոսքով, լուծումը բոյկոտելը, մանդատներից հրաժարվելն ու «մի կողմ քաշվելը» չէ։

«Սա շատ հարմարավետ իրավիճակ է ստեղծում իշխող «Վրացական երազանքի» համար, մենք՝ ընդդիմադիր պատգամավորներս, պետք է շատ բարդ պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք չհամարձակվեն այնպիսի ուտոպիստական ​​հայտարարություններ անել, որոնք մենք ամեն օր լսում ենք»,- ասել է Սամնիձեն։

Սամնիձեն միևնույն ժամանակ կարևորել է՝ լրիվ համամասնական, ցածր շեմային համակարգ ունենալու գաղափարը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Վրացական երազանքը»։

«Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը հայտարարել է,  որ չի մասնակցի խորհրդարանի լիագումար նիստերին, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխել բազմապրոֆիլ կլինիկա։

Սակայն, չնայած բոյկոտին, խմբակցությունը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների քննարկմանը։ Այդ մասին նոյեմբերի 2-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել են Սալոմե Սամադաշվիլին և Անա Նացվլիշվիլին։

Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու լրացուցիչ ընտրություններին, սակայն կոչ են արել շարունակել բողոքի ակցիաները։

Խորհրդարանի մի քանի պատգամավորներ արդեն հայտարարել են պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում