Բեյրութում ցուցարարները պահանջում են նախագահի և վարչապետի հրաժարականը
Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են էներգետիկայի նախարարության շենքը, որտեղ հայտարարել են իրենց պահանջների մասին: Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի եւ վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը»,- հայտարարել է ցուցարարների ներկայացուցիչներից մեկը: Նրա խոսքերով՝ Լիբանանում իշխում են մաֆիան եւ շիական «Հըզբոլլահ» կուսակցությունը:
«Լիբանանի ժողովուրդը պահանջում է անցկացնել արտահերթ ընտրությունների եւ դատել կոռուպցիոներներին ու այն պաշտոնյաներին, ովքեր մեղավոր են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության համար»,- ասել է ակտիվիստը:
Ավելի վաղ շարժմանը աջակցող նախկին զինվորականները գրավել են Աշրաֆիա թաղամասում գտնվող դատարկ հին առանձնատունը, որը վնասվել է Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ակտիվիստները պատշգամբներից կարմիր պաստառներ են կախել: Դրանցից մեկի վրա գրված է․ «Բեյրութը հեղափոխության մայրաքաղաք է», մյուսի վրա՝ «Բեյրութը առանց զենքի քաղաք է»: Փորձ էր արվել նաեւ գրավել Լիբանանյան բանկերի ասոցիացիայի գլխամասային գրասենյակը, սակայն դա հաջողությամբ չի պսակվել՝ պահակները արցունքաբեր գազի նռնակներ են կիրառել եւ քշել են ամբոխին:
Շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների եւ ցուցարարների միջեւ մարտադաշտի: Ընդդիմադիր «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը կոչ է արել փողոցային զանգվածային ցույցեր իրականացնել: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի ընկերության՝ Բեյրութի կենտրոնում իրավապահների հետ բախումների հետեւանքով արդեն տուժել է 230 մարդ, իսկ գլխին ստացած վերքից մեկ ժանդարմ է մահացել:
Կարծիքներ